Մատչելիության հղումներ

ՀՀԿ գործադիրի նիստում նկատողություն է հայտարարվել Արթուր Հարությունյանին


Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի այսօր տեղի ունեցած նիստում այլ հարցերի թվում քննարկվել է ՀՀԿ Աբովյանի շրջանային կազմակերպության անդամ Արթուր Հարությունյանի կուսակցական վարքագիծը, ով վերջին շրջանում հակասություններ էր ունեցել ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

«Համարելով, որ միջանձնային հարաբերությունները երբեք չի կարելի տեղափոխել քաղաքական հարթություն, որ հատկապես անթույլատրելի են կոալիցիոն գործընկերների հանդեպ ոչ կոռեկտ արտահայտությունները, ՀՀԿ գործադիր մարմինը որոշեց Արթուր Գեղամի Հարությունյանին ՀՀԿ անդամին ոչ վայել վարքագծի համար հայտարարել խիստ նկատողություն», - ասված է ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում:

Մամուլի հրապարակումների համաձայն, «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը, ով վերջերս է անդամակցել Հանրապետական կուսակցությանը, հանդիսացել է ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի սանիկն ու մերձավորը:

Մարտի 3-ին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում իրենց միջեւ ծագած հակասությունները Հարությունյանը բացատրել էր քաղաքական տարբեր կողմնորոշումներով եւ «Բարգավաճ Հայաստանի» հասցեին հնչեցրել ոչ կոռեկտ արտահայտություն:

ՀՀԿ-ի գործադիրի նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն է դիմել իրենց հարցը քննարկելու համար, ասաց. - «Նման ընթացակարգ չկա, մեզ համար հիմք է հանդիսացել «Հայկական ժամանակի» հոդվածը, որ քննարկենք այս հարցը: Գործադիր մարմինը անընդունելի է համարել քաղաքական գործչի, կոալիցիոն գործընկերոջ նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը»:

Գալուստ Սահակյանը նաեւ հույս հայտնեց, որ Հարությունյանի եւ Ծառուկյանի միջեւ հակասությունները չեն շարունակվի ու հավելեց, որ հակառակ դեպքում ՀՀԿ-ն կքննարկի ավելի խիստ քայլերի դիմելու հնարավորությունը:

Նիստում քննարկվել են նաեւ այլ կազմակերպական հարցեր: Մասնավորապես, Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը որոշել է Հովիկ Աբրահամյանին հաստատել ՀՀԿ ընտրական շտաբի պետի պաշտոնում:

Գործադիրը նաեւ հավանության է արժանացրել կուսակցության առաջիկա 13-րդ համագումարում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հաշվետվությունը իր եւ գործադիր մարմնի գործունեության մասին եւ համագումարի բանաձեւի նախագիծը:


Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG