Մատչելիության հղումներ

Պուտին. «Ռուսաստանը կանի ամեն ինչ` Իրանում պատերազմ թույլ չտալու համար»


Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերը` Իրանում պատերազմ թույլ չտալու համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ եւ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը արեւմտյան թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ո՛չ բուն Իրանում, ո՛չ Իրանի շուրջ ռազմական հակամարտություն տեղի չունենա։ Դա մեզ համար կունենար շատ բացասական, ուղղակի հետեւանքներ», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Պուտինը։

Մարտական գործողությունները, ըստ Ռուսաստանի վարչապետի, հղի են, մասնավորապես, փախստականների` դեպի հարեւան երկրներ, առաջին հերթին` Ադրբեջան հոսքով։

«Իրանը, այնուամենայնիվ, Կասպիցի մեր հարեւանն է, այնտեղ ցանկացած ցնցում, անկասկած, կանդրադառնար աշխարհի այդ տարածաշրջանի վրա», - ասել է Պուտինը` հավելելով. - «Կարծում եմ, ոչ ոք շահագրգռված չէ իրավիճակի` վերահսկողությունից դուրս գալով»։

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Իրանին պետք է խաղաղ ատոմը զարգացնելու հնարավորություն ընձեռվի, սակայն` ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողություն ներքո։

Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանում միշտ էլ բացասաբար են ընկալում իրանական ղեկավարության հակաիսրայելական արտահայտությունները եւ այդ մասին հասկացնում են պաշտոնական Թեհրանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG