Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է Եվրամիության երկրների դեսպանների հետ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Երեւանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների եւ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել Հայաստանի նախագահի՝ Բրյուսել առաջիկայում նախատեսվող այցելության նախապատրաստական աշխատանքներին:

Անդրադառնալով օրերս Եվրամիության խորհրդի կողմից Հարավային Կովկասի վերաբերյալ ընդունված փաստաթղթին՝ Նալբանդյանը նշել է, որ այն արձանագրում է Հայաստանի եւ ԵՄ-ի դիրքորոշումների ընդհանրությունը մի շարք` մասնավորապես Հայաստան - ԵՄ հարաբերությունների օրակարգային հիմնական հարցերի շուրջ՝ ներառյալ Ասոցացման համաձայնագիրը, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն առնչվող առաջընթացը, վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը, Հայաստանում ընթացող բարեփոխումների դրական եւ արդյունավետ ընթացքը եւ դրանց Եվրամիության շարունակական աջակցությունը:

Խոսելով Եվրամիության խորհրդի կողմից ընդունված փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածի մասին, Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է. - «Այս պարագայում եւս կարող ենք արձանագրել Հայաստանի եւ Եվրոպական միության մոտեցումների համահնչունությունը՝ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին, Մեծ ութնյակի Դովիլում կայացած գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների 2011 թվականի մայիսի 26-ի հայտարարության եւ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ս.թ. հունվարի 23-ի համատեղ հայտարարության դրույթների ամբողջական իրականացմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG