Մատչելիության հղումներ

Հայաստանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ-պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման հարցերով օգնական, դեսպան Հուսեյն Դիրիոզի գլխավորած պատվիրակությանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակության այցը փոխկապակցված է ՆԱՏՕ-ի կառույցների համատեղ խմբի Հայաստան կատարած այցի հետ, որը երկրի ռազմական գերատեսչության համապատասխան անձնակազմի հետ այժմ իրականացնում է Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի եւ Պլանավորման եւ վերանայման գործընթացի իրականացման առաջընթացի գնահատում:

Օհանյանը եւ Դիրիոզն անդրադարձել են ՆԱՏՕ-ի հետ պաշտպանության նախարարության համագործակցության հիմնական ուղղություններին, որոնցից են ռազմական կրթությունը, կրտսեր հրամանատարների արհեստավարժ ինստիտուտի զարգացումը, փոխգործունակ կարողությունների կատարելագործումը, պաշտպանական պլանավորման եւ բյուջետավորման ոլորտի բարեփոխումները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությունը:

Կողմերն արձանագրել են պաշտպանական բարեփոխումների եւ ռազմական համագործակցության հիմնական ոլորտներում Հայաստանի պաշտպանության նախարարության առաջընթացը, նշվել են առաջիկա տարիներին Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության գերակա ուղղությունները:

Դիրիոզը հայտնել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը` պաշտպանության ոլորտում Հայաստանին տրամադրվող խորհրդատվական եւ փորձագիտական աջակցության հետագա ընդլայնման վերաբերյալ:

Կարծիքներ են փոխանակվել նաեւ Գործընկեր երկրների ղեկավարների մասնակցությամբ առաջիկայում Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգում դրված հիմնական հարցերի վերաբերյալ:

Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի եւ Պլանավորման եւ վերանայման գործընթացի առաջընթացի գնահատմանն ուղղված աշխատանքային քննարկումները կշարունակվեն նաեւ վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG