Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Նիկոլայ Պատրուշեւին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած պատվիրակությանը:

«Ուրախ եմ, որ հայ - ռուսական դաշնակցային հարաբերությունները դինամիկորեն են զարգանում: Մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ապրանքաշրջանառության մշտապես աճող ծավալները, ռազմատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում սերտ համագործակցությունն ամրապնդում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամությունը», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է, մասնավորապես, Սերժ Սարգսյանը:

Նիկոլայ Պատրուշեւը Հայաստան կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումներն ու բանակցությունները համարել է օգտակար եւ արդյունավետ:

«Մենք խոսել ենք մեր ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության մասին, ինչպես նաեւ հումանիտար ոլորտում, բնական աղետների հետեւանքների վերացման ուղղությամբ գործակցության եւ մի շարք այլ հարցերի մասին», - ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը` հավելելով. - «Ձեր հաճախակի շփումները Ռուսաստանի ղեկավարության՝ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, մշտապես դրական ազդակներ են հաղորդում եւ օժանդակում հայ - ռուսական հարաբերությունների սերտացմանը՝ նպաստելով նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը»:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

Պատրուշեւը պաշտոնական այցով Երեւան է ժամանել երեկ` Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG