Մատչելիության հղումներ

Որպես «Բանգլադեշցի Համո» հայտնի Աշոտ Ավետիսյանը ազատ է արձակվել


«Բանգլադեշցի Համո» մականունով հայտնի Աշոտ Ավետիսյանը ազատ է արձակվել կալանքից: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից, փոխվել է նրա խափանման միջոցը` ստորագրությամբ չհեռանալու պայմանով:

Անցած ամիս դատարանը Ավետիսյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու որոշում էր կայացրել, բայց երեկ նրան ազատ են արձակել։

«Դատավարական ղեկավարումն իրականացնող Արաբկիրի դատախազության դատախազի որոշմամբ փոփոխել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` նկատի ունենալով, որ նա խնամքի տակ ունի անչափահաս երեխաներ, ունի մշտական բնակության վայր, աշխատանք, եւ այս պահին հիմքեր չկան, որ նա կխուսափի նախաքննական մարմնից», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը` շարունակելով. - «Բացի այդ, խիստ անհրաժեշտ քննչական գործողություններն արդեն կատարվել են, եւ նրա ազատության մեջ գտնվելը չի կարող խոչընդոտել նախաքննության օբեկտիվությանն ու լրիվությանը: Ուստի եւ նման խափանման միջոց ընտրվել»։

Աշոտ Ավետիսյանը, ով, ըստ լրատվամիջոցների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանի մերձավորներից է, ձերբակալվել էր հունվարի 18-ի կեսգիշերին` Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Ըստ ոստիկանության տեղեկատվության, նա դաժան ծեծի է ենթարկել մի տաքսիստի, ում վարած «ՎԱԶ» մակնիշի մեքենան այդ խաչմերուկում բախվել է «BMW X-6» մակնիշի իր մեքենային: Աշոտ Ավետիսյանը իջել է մեքենայից եւ, հայհոյանքներ հասցնելով, այնպես է ծեծել տաքսիստին, որ վերջինս մարմնական վնասվածքներով, արյունլվա տեղափոխվել է հիվանդանոց:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG