Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ-ում է ՆԱՏՕ-ի պատվիրակությունը


Հունվարի 23-24-ը աշխատանքային այցով Հայաստանի պաշտպանության նախարարությունում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության վարչության պետ, գեներալ-մայոր Կարլոս Բրանկոյի գլխավորած պատվիրակությունը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի հիմնական նպատակն է ՆԱՏՕ-ի եւ գործընկեր պետությունների միջեւ ռազմական համագործակցության զարգացմանը միտված նոր նախաձեռնությունների քննարկումը:

Միջազգային ռազմական համագործակցության ոլորտում պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Դաշինքի եւ Հայաստանի միջեւ ռազմական համագործակցության գերակա ուղղություններին եւ դրանց օժանդակող ուղեցույցային փաստաթղթերին առնչվող հարցեր:

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ռազմական համագործակցությանը եւ անվտանգության աջակցության միջազգային գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությունը: Բրանկոն ՆԱՏՕ-ի անունից Հայաստանին խորին շնորհակալություն է հայտնել` Աֆղանստանում իրականացվող առաքելություններում ներդրում կատարելու համար:

Ընդունելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համառոտ ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, կատարվելիք աշխատանքները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի կողմից ակնկալվող օժանդակության ոլորտները: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների շուրջ:

Գեներալ Բրանկոն ծանոթացման այցով գտնվել է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հանդես է եկել «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի» շրջանակներում իրականացվող համագործակցության մասին դասախոսությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG