Մատչելիության հղումներ

Վախճանվել է ֆրանսահայ դերասանուհի Ռոզի Վարթը


Կյանքի 89-րդ տարում, հունվարի լույս 14-ի գիշերը հիվանդանոցում վախճանվել է ֆրանսահայ հայտնի դերասանուհի Ռոզի Վարթը։ Դերասանուհու մահվան լուրը «Ֆրանսպրես» լրատվական գործակալությանը հայտնել է նրա ամուսինը` Պիեռ Բադելը, որի վկայությամբ` մահվան պատճառը բրոնխիտի հետեւանքով առաջացած թոքաբորբն էր։

Ֆրանսահայ դերասանուհին ծնունդով Թուրքիայից էր, իսկական անունը` Նվարդ Մանուելյան։

Ռոզի Վարթը հայտնի է փարիզյան թատրոններում, ֆրանսիական կինոյում, հեռուստաֆիլմերում կատարած դերերով։ Ավելի քան 40 տարի նա նկարահանվել է ֆրանսիացի ռեժիսորների, այդ թվում` Անրի Վերնոյի ֆիլմերում, իսկ Մագիի դերը ֆրանսիական Antenne 2 հեռուստատեսությամբ 1985-93 թվականներին ցուցադրված համանուն սերիալում նրան մեծ ճանաչում է բերել ֆրանսիացի հեռուստադիտողների շրջանում։

Ռոզի Վարթը արժանացել է Ֆրանսիայի բարձր պետական պարգեւին` Պատվո լեգեոնի շքանշանի։

Դերասանուհու մահվան կապակցությամբ ուղերձով է հանդես եկել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանը` արտահայտելով իր հարգանքի հավաստիքը «թատրոնի, կինոյի եւ հեռուստատեսության մեծ գործչի» նկատմամբ։

Les Nouvelles d'Armenie պարբերականի կայքէջի փոխանցմամբ, Ռոզի Վարթի հոգու հանգստության համար հինգշաբթի առավոտյան պատարագ է մատուցվելու Փարիզի հայկական եկեղեցում` Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG