Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ողջունում է իրանական նավթի մատակարարման վրա էմբարգո դնելու ԵՄ-ի մտադրությունը


Միացյալ Նահանգները ողջունել է Եվրամիության երկրների մտադրությունը` էմբարգո դնել Իրանից հում նավթի մատակարարումների վրա` դա անվանելով «լավ լուր»:

Պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, թե Վաշինգտոնը ցանկանում է, որ նման քայլեր ձեռնարկեն ոչ միայն Միացյալ Նահանգների դաշնակիցներն եւ գործընկերները, այլեւ մյուս երկրները:

Չորեքշաբթի օրը Եվրամիության երկրների կառավարությունները նախնական համաձայնության են եկել իրանական նավթի ներմուծումն արգելելու շուրջ:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն հայտարարել է, թե այդ հարցով որոշումը կարող է ընդունվել Եվրամիության երկրների արտգործնախարարների նիստում, որը կայանալու է հունվարի 30-ին Բրյուսելում:

2010 թվականին իրանական նավթը կազմել է Եվրամիության երկրներ ներկրված ամբողջ նավթի 5.8 տոկոսը:

Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը կապված է այդ երկրի միջուկային ծրագրի հետ: ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները Թեհրանին մեղադրում են միջուկայից զենք ստեղծելու փորձերի մեջ: Իրանը այդ մեղադրանքը հերքում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG