Մատչելիության հղումներ

Երիտասարդ գիտնականներին 100 միլիոն դրամ կհատկացվի


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հանդիպում է ունեցել ավելի քան երկու տասնյակ երիտասարդ գիտնականների հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպմանը մասնակցել են նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները:

Երիտասարդները հանրապետության ղեկավարի հետ քննարկել են երիտասարդ գիտնականների աշխատանքային պայմանների բարելավման, նրանց առաջխաղացման հնարավորությունների, երիտասարդ գիտնականների կողմից իրականացվող ծրագրերին աջակցության, ինչպես նաեւ գիտության բնագավառի վերաբերյալ օրենսդրության բարեփոխումների եւ արդի պահանջներին համապատասխանեցման, հասարակության մեջ գիտնականների հեղինակության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացման վերաբերյալ հարցեր:

Սերժ Սարգսյանը պատասխանել է երիտասարդներին հետաքրքրող հարցերին, նրանց առաջարկությունների հետ կապված որոշակի հանձնարարականներ տվել պետական համապատասխան մարմիններին եւ նշել, որ յուրաքանչյուր տարվա համար երիտասարդ գիտնականներին ֆինանսական աջակցության նպատակով կհատկացվի 100 միլիոն դրամ, որը կտրամադրվի գոյություն ունեցող հիմնադրամներից մեկի միջոցով:

Նախագահը հանդիպման մասնակից երիտասարդներին առաջարկել է քննարկել այդ միջոցներն արդյունավետ տնօրինելու սկզբունքները, ծրագրային ուղղություններն ու ընթացակարգերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG