Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ջորջիո Նապոլիտանոյի հետ


Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը կարեւոր է համարել, որ հայ գրատպության 500-ամյակի մեկնարկը՝ Վենետիկի ցուցահանդեսը, անցկացվում է նախագահ Նապոլիտանոյի բարձր հովանու ներքո:

Հանդիպման ժամանակ երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ Հայաստանի նախագահի աշխատանքային այցը լավ հնարավորություն է բարձր մակարդակով քննարկելու հայ-իտալական հարաբերությունները, ուրվագծելու համագործակցության նոր եւ հեռանկարային ոլորտներ: Նախագահ Սերժ Սարգսյանը իտալական ընկերություններին եւս հրավիրել է մասնակցելու Հայաստանում իրականացվող ծրագրերին, այդ թվում նոր ԱԷԿ-ի կառուցմանը՝ նկատի առնելով այս բնագավառում Իտալիայի փորձը:

Երկու երկրների ղեկավարները տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորել են գործարարների հաճախակի շփումներն ու գործարար համաժողովների անցկացումը, որի շուրջ Հայաստանի եւ Իտալիայի արտգործնախարարներն այսօր առավոտյան ունեցած հանդիպման ժամանակ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել: Նախագահ Նապոլիտանոն հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանի հանդիպումը Իտալիայի գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության մեջ իտալական ներդրումների ներգրավման, երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման համար:

Սերժ Սարգսյանը և Ջորջիո Նապոլիտանոն անդրադարձել են նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Քիչ հետո տեղի է ունենալու Նախագահի հանդիպումը Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ, որից հետո Հանրապետության ղեկավարը Բրասկի թանգարանում ներկա կգտնվի Հռոմում հայկական խաչքարի ցուցադրության բացման արարողությանը, ինչպես նաեւ կայցելի «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» խորագրով ցուցահանդեսը:

Ավելի ուշ նախատեսվում է նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջիանֆրանկո Ֆինիի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլիորիի հետ:

Նախագահը օրվա ավարտին հանդիպում կունենա նաեւ Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG