Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ավարտեց պաշտոնական այցը Վրաստան


Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցի, ինչից հետո եկեղեցու բակում մասնակցել է հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշովի կիսանդրու բացման արարողությանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը նաեւ հանդիպում է ունեցել Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Հայաստանի նախագահը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ այսօր մասնակցել է հայ - վրացական գործարար համաժողովի բացմանը:

Սերժ Սարգսյանը իր ելույթում կարեւորել է երկու երկրների գործարար համայնքների ներկայացուցիչների հանդիպումն ու ակտիվ համագործակցությունը: Նշելով, որ հաճելի է տեսնել վերջին մի քանի տարիներին հարեւան Վրաստանի արձանագրած հաջողությունները, Հայաստանի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսություններն ինչ-որ չափով նման են միմյանց, այդ թվում՝ բնական ռեսուրսների սակավությամբ, ինչը ենթադրում է, որ պետք է հաջողությունների հասնել շնորհիվ լավ կառավարման եւ մարդկային ներուժի:

«Ես հպարտ եմ, որ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում շատ արագ է զարգանում, եւ այս տարի մենք ակնկալում ենք այս ոլորտում 25 տոկոսի աճ: Այն, որ այսօր համաշխարհային առաջատար ընկերություններն այդ հանգամանքին ուշադրություն են դարձնում եւ Հայաստանում ներդրումներ են կատարում, մեզ, իհարկե, ուրախացնում եւ մեծ հույսեր է ներշնչում», - ասել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ կմեծանան փոխադարձ ներդրումները երկու երկրներում:

Ավարտելով պաշտոնական այցը Վրաստան՝ Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG