Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը ԵՄ-ի ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի դիպուկահարների գործողությունների վրա


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:

Հյուրի խնդրանքով Հայաստանի պաշտպանության նախարարը ներկայացրել է իրադրությունը ադրբեջանական զորքերի հետ շփման գծում եւ Եվրամիության հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարների գործողությունների ակտիվացման վրա: Ֆիլիպ Լեֆորը հավաստիացրել է, որ իր մանդատի շրջանակներում անելու է հնարավորը, որպեսզի աջակցի խաղաղության հասնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Եվրամիության հատուկ ներկայացուցիչը մասնավորապես ասել է. - «Եվրամիությունը չի ցանկանում Հարավային Կովկասում տեսնել նոր պատերազմ: Տարածաշրջանի խաղաղությունը բխում է Եվրամիության շահերից»:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում մասնավորապես ասել է. - «Առաջնորդվելով ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքով` հայկական կողմը խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, իսկ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների դեպքում պատասխան գործողությունների է դիմում ադրբեջանական դիպուկահարների սադրանքները չեզոքացնելու նպատակով միայն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG