Մատչելիության հղումներ

«Հրապարակ»-ի դրամական միջոցների վրա կալանք է դրվել


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Հրապարակ» օրաթերթի դրամական միջոցների վրա արգելանք է դրվել:

Փաստաբան Արթուր Գրիգորյանը գտնում է, որ օրաթերթի էլեկտրոնային տարբերակում դեռեւս օգոստոսին տպագրված հոդվածի ներքո ընթերցողների թողած մեկնաբանությունները վիրավորել են իր պատիվն ու արժանապատվությունը, եւ թերթից 18 միլիոն դրամ (շուրջ 47 հազար դոլար) է պահանջում: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը բավարարել է «Հրապարակ»-ի դրամական միջոցների նկատմամբ 18 միլիոն դրամի չափով կալանք դնելու վերաբերյալ Գրիգորյանի պահանջը:

Քանի որ պարբերականի հաշիվների վրա արգելանք է դրված, թերթը կտպագրվի այնքան ժամանակ, մինչեւ սպառվի տպարանին փոխանցված գումարը:

Այս որոշումը «Հրապարակ»-ը որակել է իբրեւ խոսքի ազատությունը ճնշելու փորձ:

Սա «Հրապարակ»-ի դեմ արդեն վեցերորդ դատական գործն է: Ավելի վաղ թերթին դատի է տվել նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նախորդ եռամսյակում` հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, 11 նոր դատական հայցեր են ներկայացվել լրատվամիջոցների դեմ:


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG