Մատչելիության հղումներ

«Հրապարակ»-ի դեմ Քոչարյանի հայցի քննությունը հետաձգվեց


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ուրբաթ օրը անժամկետ հետաձգեց «Հրապարակ» օրաթերթի դեմ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցի քննությունը:

Դատավոր Էդիկ Ավետիսյանը հայտարարեց, որ գործը չի կարող քննվել, քանի դեռ Սահմանադրական դատարանը (ՍԴ) չի ավարտել զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների սահմանադրականության հարցով քննությունը:

Այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Ինչպես տեղեկացրել է Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը, հաշվի առնելով, որ տվյալ գործը ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, որոշվել է գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով։ Դատաքննությունը սկսվելու է նոյեմբերի 15-ին:

Դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իրենց չի՞ մտահոգում արդյոք, որ հարցի քննությունը ՍԴ-ում կարող է երկար տեւել եւ իրենք ստիպված լինեն սպասել, արձագանքեց. - «Խնդիրը ոչ թե սպասելու ժամանակի մասին է, այլ արդարադատության իրականացման, եւ որ արդյունքը լինի արդարացի, արդարադատության համակարգը գործի»: «Համոզված ենք, որ ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխան կլուծի հարցը»,- շարունակեց Քոչարյանի մյուս փաստաբանը` Արփինե Մելիքբեկյանը:

Հայաստանյան 8 թերթերի խմբագիրներ օրերս հայտարարությամբ էին հանդես եկել` կոչ անելով Սահմանադրական դատարանին մինչեւ օմբուդսմենի հայցով վերջնական որոշում կայացնելը կասեցնել վիճարկվող հոդվածի գործնական կիրառումը:

Այսօրվա դատական նիստում նախատեսված էր, որ գործով որպես վկա հանդես կգա թերթում հրապարակված «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրո՞ւմ» վերնագրով վիճահարույց հոդվածի հեղինակ, լրագրող Լուսինե Պետրոսյանը: Լրագրողին որպես վկա դատարան հրավիրելու միջնորդությունը ներկայացրել էին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները: Լուսինե Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ գրություն է ներկայացրել դատարանին` խնդրելով իր կարգավիճակը վկայից փոխել ինքնուրույն պահանջներ չունեցող երրորդ անձի:

Ռոբերտ Քոչարյանը դատարանում պահանջում է թերթից հերքել հրապարակված տեղեկությունները եւ փոխհատուցել 6 միլիոն դրամ (մոտ 16 հազար դոլար), որից 3 միլիոնը` զրպարտության եւ վիրավորանքի, իսկ մյուս 3 միլիոնը` փաստաբանական ծառայությունների վճարի դիմաց։
XS
SM
MD
LG