Մատչելիության հղումներ

Ֆրանսիական համալսարանի նախկին դասախոսները կրկին բողոքում են


Նրանք պնդում են, որ չնայած դատարանի վճռին, իրենք դեռ չեն կարողացել վերականգնել իրենց աշխատանքը:

Ֆրանսիական համալսարանի նախկին դասախոսներ Գայանե Հակոբյանը, Հերմինե Ահարոնյանը, Նարինե Կոխտիեւան պնդում են, որ համալսարանը չի կատարել դատարանի որոշումը, եւ իրենք մինչեւ օրս հնարավորություն չեն ունեցել լսարան մտնելու:

Ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներ 2010 թվականի օգոստոսին ազատվել էին աշխատանքից այն պատճառաբանությամբ, որ դասախոսների պայմանագրերի ժամկետն ավարտվել է: Մինչդեռ դասախոսները նշում են, որ անժամկետ պայմանագիր են կնքել բուհի հետ: Աշխատանքից ազատված դասախոսներից 12-ը դիմել էին Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան, որը բավարարել էր նրանց հայցը:

«Հայցապահանջներն էին վերականգնել աշխատանքը, վճարել արձակուրտայինների գումարները, ինչպես նաեւ պարապուրդայինների գումարները միջին աշխատավարձի չափով մինչեւ վերականգնելը: Դատարանը այս պահանջները բավարարել է», - այսօր կայացած ասուլիսում ասաց Ֆրանսիական համալսարանի նախկին դասախոսներից Հերմինե Ահարոնյանը:

Բուհի ռեկտորը բողոքարկել է այդ վճիռը քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանում, որը սակայն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը:

Վճռաբեկ դատարանի որոշմամբ` համալսարանին պարտադրվել է վերականգնել 12 դասախոսների աշխատատեղերը եւ վճարել արձակուրդայիններն ու պարապուրդի գումարը: Դասախոսներից Նարինե Կոխտիեւան նշում է, որ դատարանի պահանջները բավարարվել են մասամբ: «Արձակուրդայինները վճարվել են, սակայն պարապուրդները վճարելիս սխալ հաշվարկ է կատարել եւ փոխանցված գումարը պակաս է եղել», - ասաց նա:

Ֆրանսիական համալսարանի կողմից լրագրողներին հանձնված մամուլի հաղորդագրության մեջ նշված էր, որ աշխատատեղերը վերականգնած 12 դասախոսներից մի մասը չի ներկայացել եւ չի մտել լսարան, սակայն նրանք հակառակն են պնդում: Ֆրանսաիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը «Մաքսլիբերթի»-ի հետ ունեցած հեռախոսազրույցում չցանկացավ պարզաբանել հարցը:

Դասախոսներն ասում են, որ համալսարանը իրենց առաջ նոր պահանջներ է ներկայացրել, որոնք ներառված չեն եղել դատարանի վճռում:

«Մեզանից պահանջվում է 1 շաբաթում ծրագիր գրել, ինչպես նաեւ հանձնել քննություն, ինչպիսին մինչ օրս բուհում ոչ ոք չի հանձնել: Մենք պատրաստ ենք հանձնել պահանջվող քննությունը, եթե պահանջը տարածվի ամբիոնում աշխատող բոլոր դասախոսների վրա», - նշեց Գայանե Հակոբյանը:

Գայանե Հակոբյանը ասաց նաեւ, որ այս 2 տարիների ընթացքում Ֆրանսիական համալսարանում աշխատանքից ազատվել են ավելի շատ դասախոսներ, քան նշվում է. - «Հեռացվել են նախապատրաստականի դասախոսները եւ Կառավարման ֆակուլտետի ողջ անձնակազմը»:

Նարինե Կոխտիեւան նշեց, որ իրենք հիմա պահանջում են բուհի ռեկտորի հրաժարականը:
please wait

No media source currently available

0:00 0:06:05 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG