Մատչելիության հղումներ

Ֆրանսիական համալսարանը պարզաբանում է աշխատանքից ազատված դասախոսների խնդիրը


Հայաստանում ֆրանսիական համալսարան
Հայաստանում ֆրանսիական համալսարան

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում ներկայացրեց համալսարանի դիրքորոշումը՝ 29 դասախոսների աշխատանքից ազատելու կապակցությամբ բարձրացած աղմկալի պատմության վերաբերյալ։

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը երեքշաբթի օրը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ներկայացրեց համալսարանի դիրքորոշումը՝ 29 դասախոսների աշխատանքից ազատելու կապակցությամբ բարձրացած աղմկալի պատմության վերաբերյալ։

«Լուծեցինք որոշ դասախոսների պայմանագրերը, որովհետեւ այդ պայմանագրերի ժամկետը լրանում էր», - հայտարարեց ռեկտորը։

Աշխատանքից ազատված դասախոսները հանդես են գալիս առանձին ասուլիսով
Աշխատանքից ազատված դասախոսները պնդում են, որ ֆրանսիական համալսարանն իրենց հետ պայմանագիր էր կնքել 2007 թվականին` 1 տարի ժամկետով։ Այդ պայմանագիրը չի խզվել, իսկ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն՝ եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում, եւ աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

«Սահմանված կարգով այդ պայմանագրերը հրամանով երկարաձգվել են», - հայտարարեց համալսարանի վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով պարզաբանելով դասախոսների այս պնդումները։ Տնօրենը նաեւ ասաց, թե պայմանագրերի երկարացման մասին հրամանը դասախոսների արկղիկներում է։

Այսօր, ավելի ուշ, արդեն «Արմատ» ակումբում, ասուլիս էին հրավիրել ֆրանսիական համալսարանից ազատված դասախոսները։ Նրանցից Նարինե Կոխտիեւան, ի պատասխան Վաղարշակ Մեյրոյանի այս խոսքերին, հայտարարեց. - «Ես չեմ կասկածում, որ հիմա դա ստեղծել են [հրամաններ], գցել են այնտեղ։ Համենայնդեպս, ինչքան ես հասկանում եմ, պայմանագիրը ստորագրվում եւ երկարացվում է երկկողմանի համաձայնության հիման վրա, ոչ թե գցվում է ինչ-որ արկղ, եւ դրանից ոչ մի մարդ տեղյակ չէ»։

«Չափանիշները չեն բավարարում»


Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկ
Դասախոսներին ազատելու մասին իրավական խնդիրներից բացի ուշագրավ է հարցը, թե ի՞նչ չափանիշներով են ընտրվել այն դասախոսները, որոնք ազատվել են աշխատանքից: Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը հայտարարեց. - «Նրանք չեն բավարարում իրենց առարկան դասավանդելու անհրաժեշտ պահանջները»։

Ռեկտորի համար անսպասելիորեն՝ այս հայտարարությանը արձագանքեց աշխատանքից ազատված անգլերենի դասախոս Գայանե Հակոբյանը` ով լրագրողների հետ եկել էր ասուլիսի։

«Երկու ամիս առաջ երաշխավորագիր եմ խնդրել։ Տիկին Մորզելեկի ստորագրությամբ եւ կնիքով տրված է», - հայտարարեց դասախոսը՝ հրապարակելով ռեկտորի ստորագրությամբ երաշխավորագիրը, որում դրվատանքի խոսքեր է ասվում Գայանե Հակոբյանի մասնագիտական որակների մասին։

Աշխատանքից ազատված դասախոսներին, այդուհանդերձ, հնարավորություն չընձեռվեց ռեկտորի ներկայությամբ հրապարակել իրենց հակափաստարկները: Նրանք «Արմատ» ակումբում հեռահար պատասխանեցին նաեւ ռեկտորի այն մեղադրանքին, թե դասախոսները ուշացել են դասերից, ժամանակին չեն ներկայացրել իրենց ծրագրերը:

Դասախոսներ Նարինե Կոխտիեւան, Գայանե Հակոբյանը, Հերմինե Ահարոնյանը, Անուշ Մխիթարյանը եւ Մարատ Ատովմյանը պնդեցին, որ երբեւէ նկատողություն չեն ստացել։ Դասախոսները պատրաստակամություն հայտնեցին իրենց աշխատանքային խնդիրները քննարկել «մինչ այս պահը քննարկումից խուսափող» ռեկտորի հետ։

«Եթե գոնե այդքան մարդու տեղ դնեին, որ հրավիրեին, եւ ասեին՝ գիտեք ինչ, մենք նպատակահարմար չենք գտնում շարունակել ձեզ հետ պայմանագիրը, կստորագրեինք, դուրս կգայինք», - դժգոհեց Նարինե Կոխտիեւան։

Ատոմյանը հավելեց. - «Հիմա էլ ենք պատրաստ՝ հանդիպենք, քննարկենք, պատճառները հասկանանք, գտնենք լուծումները»։

Կեղծիքների մեղադրանք


Ռեկտոր Ժոել լը Մորզելեկի ընդդիմացող դասախոսներին մեղադրեց նաեւ որոշ դասախոսների անունից կեղծ ստորագրությամբ բողոքի նամակներ ուղարկելու համար։

Ռեկտորը անուններ չնշեց, իսկ ընդդիմացող դասախոսները ավելի ուշ հայտարարեցին, որ որեւէ մեկի անունից որեւէ նամակ չեն գրել:

Անցած շաբաթ աշխատանքից հեռացված դասախոսները բողոք նամակ էին գրել Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին: Նամակում խոսվում էր այն մասին, որ աշխատանքից ազատվել են 29 դասախոսներ։

Այսօր սակայն, պարզվեց, որ աշխատանքից ազատվելու կապակցությամբ բողոքում են ընդամենը 14 դասախոսներ։

Ֆրանսիական համալսարանի ռեկտորատից հայտնում են, որ կառավարման եւ առեւտրի, ինչպես նաեւ իրավաբանության ֆակուլտետների դեկանների հետ պայմանագիր է կնքվել 1 տարով, եւ նրանք կշարունակեն դասավանդել բուհում առանց դեկանի պաշտոնը զբաղեցնելու։ Ընդ որում, կառավարման եւ առեւտրի դեկանի պաշտոնից ազատված Նորայր Սաֆարյանը, ով ավելի վաղ համալսարանի դեմ հայցով դիմել էր դատարան, հետ է վերցրել իր բողոքը։

«Ես օգոստոսի 26-ին կնքել եմ համալսարանի հետ պայմանագիր պարզապես որպես դասախոս», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Սաֆարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG