Մատչելիության հղումներ

Նոյեմբերի վերջին Հայաստանում կհանդիպեն տարածաշրջանի հոգեւոր առաջնորդները


Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն` հանդիպման ժամանակ Վեհափառը ներկայացրել է Հայոց եկեղեցու ներգրավվածությունը եւ ներդրումը տարածաշրջանում խաղաղության եւ համերաշխության մթնոլորտի ձեւավորման գործընթացում: Կաթողիկոսը տեղեկացրել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ պարբերաբար տեղի ունեցող` տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ եւ քառակողմ հանդիպումների մասին, որոնց արդյունքում Ռուս եկեղեցու պատրիարքը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Վրաց եկեղեցու հովվապետը եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը խաղաղության եւ համերաշխության համատեղ կոչեր են հղում տարածաշրջանի ժողովուրդներին: Այս առնչությամբ Վեհափառը հայտնել է, որ նոյեմբերի վերջին Հայաստանում կայանալիք ԱՊՀ-ի երկրների միջկրոնական խորհրդի նախագահության ժողովի առիթով եւս տեղի կունենա նման հանդիպում:

«Մենք լավատես ենք, որովհետեւ խաղաղությունը, հաշտությունը եւ համերաշխությունն այլընտրանք չունեն», - նշել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան խաղաղ գործընթացի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG