Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը ժամանեց Հայաստան


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, շնորհավորելով ամերիկացի դիվանագետին` Էդվարդ Նալբանդյանը հաջողություններ է մաղթել նրան, հույս հայտնելով, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի վերջին շրջանում համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի բարձրացած հայ - ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն ու խորացմանը:

Հեֆերնը նշել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի գործակցության զարգացումը, եւ հավաստիացրել է, որ կանի առավելագույնը` երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու համար:

Հանդիպման մասնակիցները զրուցել են հայ - ամերիկյան հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցերի, ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների դրական ներգրավվածությունը Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալ Ջոն Հեֆերնին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Բարաք Օբամայի վարչակազմը առաջադրել էր այս տարվա մայիսին, ամերիկյան Սենատը նրան հաստատեց սեպտեմբերի վերջին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG