Մատչելիության հղումներ

Գառնիի մոտ տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ. Երեւանում զգացվել է 3-4 բալլ


Այսօր ժամը 12.30-ին Հայաստանի տարածքում՝ Գառնիից 10 կիլոմետր արեւմուտք, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալլ, Երեւանում եւ Աբովյան քաղաքում զգացվել է 3-4 բալլ ուժգնությամբ: Այդ մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջը` երկրաշարժը որակելով թույլ։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` ժամը 12.31-ին եւ 12.32-ին երկրաշարժին հետեւել է երկու հետցնցում` համապատասխանաբար` 2.0 եւ 3.0 մագնիտուդով։

Ավելի ուշ նախարարության կայքում հրապարակվեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրեն Հրաչյա Պետրոսյանի մեկնաբանությունը, որում ասված է. - «Նախնական տվյալներով՝ այժմ տեղի է ունենում սեյսմիկ էներգայի մարում եւ այս պահին որեւէ հիմք չկա ենթադրելու, որ ավելի ուժեղ ցնցում է լինելու: 5 բալլանոց ցնցումը գտնվում է թույլ սեյսմիկ ֆոնի մեջ եւ այն չենք կարող հիմք ընդունել որպես շարունակական բնույթ ունեցող: Թույլ երկրաշարժից հետո արձանագրվել է ութ հետցնցում»:

«Կոչ ենք անում մարդկանց պահպանել հանգստություն եւ ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին: Մինչեւ հիմա աշխարհում որեւէ գիտնական, որեւէ սեյսմիկ ծառայություն դեռեւս չի կարող անել երկրաշարժի կարճաժամկետ կանխատեսում, այսինքն՝ ճշգրիտ ասել երկրաշարժի ժամը, տեղն ու ուժգնությունը», - ընդգծել է Պետրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG