Մատչելիության հղումներ

Եգիպտոսում ղպտի քրիստոնյաների եւ իրավապահների բախումներում տասնյակ մարդիկ են զոհվել


Եգիպտոսում աճում է ղպտի քրիստոնյաների եւ իրավապահների միջեւ երեկվա բախումների զոհերի թիվը։ Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` արդեն առնվազն 24 զոհ եւ 200-ից ավելի վիրավոր կա:

Արյունահեղության պատճառը մեկ շաբաթ առաջ Կահիրեի հարավում գտնվող ղպտի եկեղեցին այրելու միջադեպն էր։

Նախնական տեղեկություններով` երեկ, երբ հազարավոր ցուցարարներ Կահիրեում բողոքի ակցիա էին անցկացնում քրիստոնյաների իրավունքները հարգելու եւ խղճի ազատության սկզբունքին հավատարիմ մնալու կոչերով, նախ նրանց վրա են հարձակվել անհայտ զինված անձինք, այնուհետեւ ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել իրավապահները:

Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունն էլ հակառակն է պնդում, թե ցուցարարներն ու սադրիչներն են քարեր ու այրվող հեղուկով շշեր նետել ոստիկանների ու զինվորականների ուղղությամբ, այրել են մեքենաներ, ինչին էլ հաջորդել է հրաձգությունը:

Երկրում արտակարգ դրություն է հայտարարված: Վարչապետ Էսամ Շարիֆը հայտարարել է, որ այս բախումների հետեւանքով իրավիճակը Եգիպտոսում խիստ սրված է:

Ղպտի քրիստոնյաները Եգիպտոսի 80 միլիոն բնակչության 10 տոկոսն են կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG