Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը պատասխանեց «հարց-մեղադրանքներին»


Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, 1-ը հոկտեմբերի, 2011թ.
Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, 1-ը հոկտեմբերի, 2011թ.
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հինգշաբթի երեկոյան Ազատության հրապարակում ունեցած ելույթի ժամանակ պատասխանեց մի քանի հարցերի, որոնց չէր հասցրել անդրադառնալ օրերս անցկացված հանրահավաք-ասուլիսի ընթացքում։

Տեր-Պետրոսյանն ասաց, որ ընտրել է ամենասուր հարցերը, որոնք, իր ձեւակերպմամբ, «հարց-մեղադրանքներ» են։

Մասնավորապես, պատասխանելով դիտարկմանը, թե ինքը նույնպես կեղծված ընտրությունների արդյունքում է դարձել նախագահ 1996 թվականին` Վազգեն Մանուկյանից խլելով նախագահի աթոռը, Տեր-Պետրոսյանը հայտարարեց. - «Այդ ինչպե՞ս է, որ Վազգեն Մանուկյան ընտրյալ նախագահը` 96 թվին, 98 թվականին ընտրություններին ստացավ 13 տոկոս ձայն։ Ավելին, դրանից հետո նա իր ընտրողներին երկրորդ փուլից առաջ կոչ չարեց իր ձայները տալ Կարեն Դեմիրճյանին, եւ Ռոբերտ Քոչարյանը, օգտագործելով այս հանգամանքը, երկրորդ տուրի արդյունքները կեղծեց շատ ավելի այլանդակ, քան առաջին տուրի արդյունքները` օգտվելով այն բանից, որ իբր թե այդ 13 տոկոսը կարող էր գումարվել իր ձայների վրա։ Այսինքն, Վազգեն Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանին մատուցեց այն նույն ծառայությունը, ինչ որ 2003 թվականին Գեղամյանը իր 10 տոկոսով մատուցեց Ռոբերտ Քոչարյանին` արդեն երկրորդ ընտրությունների ժամանակ»։

Իսկ 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները ընդունեցին միայն թեկնածուներ Վազգեն Մանուկյանը եւ Արամ Հարությունյանը, շարունակեց ՀԱԿ-ի առաջնորդը։

«Եվ ահա այս «արդար, օրինական» ընտրությունների արդյունքում Վազգեն Մանուկյանը ստացել է 1 տոկոս, ես ստացել եմ 21.5 տոկոս` իրենց պաշտոնական տվյալներով. ես չեմ ասում ամերիկյան տվյալները, ոչ, թեկուզ իրենց տվյալները։ Ի՞նչ է ստացվում. անգամ Վազգեն Մանուկյանի կողմից օրինական եւ արդար համարված ընտրություններում ես նրանից 20 անգամ շատ ձայն եմ ստացել», - նշեց Տեր-Պետրոսյանը։

Այն հարց-դիտարկմանը, թե Հայաստանի երրրոդ հանրապետության պատմության մեջ առաջին մենաշնորհը տրվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք` խոսքը «Արմենտել» ընկերության մասին է, առաջին նախագահը պատասխանեց, որ այդ պայմանագիրը կնքվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ։

«Նույն ձեւով ինձ էին վերագրում նաեւ Կոնյակի գործարանի գործարքի կնքումը։ Ուրեմն, հայտարարում եմ` Կոնյակի գործարանի գործարքը նույնպես ստորագրվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից` նրա նախագահության օրոք», - ասաց նա։

Իսկ հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Գարեգին Նժդեհի մասին, Տեր-Պետրոսյանը պատասխանեց, որ համարում է նրան հայ ժողովրդի մեծագույն հերոսներից ու երախտավորներից մեկը, բայց Նժդեհի ցեղակրոնության մասին ուսմունքը ժամանակավոր մոլորություն է, որը բոլորովին չի նսեմացնում նրա հերոսական կերպարը։

«Իսկ մեր ՀՀԿ-ի համար` պանծալի, Հայաստանի իշխող կուսակցության համար, նրա այս մոլորությունը դարձել է գաղափարախոսության հիմք, պատկերացնո՞ւմ եք։ Այսինքն, փաստորեն, այս կուսակցությունը ոչ միայն զբաղված է Նժդեհի անունը արատավորելով, այլեւ Հայաստանը դնելով մի խայտառակ վիճակի առջեւ։ Հայաստանի Հանրապետության իշխող կուսակցությունը ոչ միայն իր գաղափարախոսությամբ, այլեւ գործով` ֆաշիստական կուսակցություն է, ուրիշ ոչինչ», - հայտարարեց ՀԱԿ-ի առաջնորդը։

Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ նաեւ Les Nouvelles d’Armenie հանդեսին Շառլ Ազնավուրի տված հարցազրույցին, որում աշխարհահռչակ շանսոնիեն մտահոգություն է հայտնում արտագաղթի վերաբերյալ։ ՀԱԿ-ի առաջնորդը ասաց, թե Ազնավուրը դաժանագույն մերկացման է ենթարկել Հայաստանի ներկայիս իշխանությանը` լինելով այդ իշխանության ներկայացուցիչը Շվեյցարիայում։

«Եթե մինչեւ հիմա մեծապես հարգում էի Շառլ Ազնավուրին, այս հարցազրույցից հետո ես նրան տասնապատիկ եմ հարգում», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG