Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան. «Մենք ուժ ենք ներկայացնում միայն ձեզնով»


Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկուշաբթի օրը Ազատություն հրապարակում անցկացված հանրահավաք-ասուլիսի ընթացքում պատասխանեց լրագրողների եւ հանրահավաքի մասնակիցների հարցերին:

Մինչեւ հանրահավաք-ասուլիսը սկսվելը, նշենք, ստացվել էր մոտ 400 հարց:

Հնչեց նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հարցը: ՀԱԿ-ի առաջնորդը, հիշեցնենք, իշխանության հետ երկխոսությունը առկախելուց հետո հայտարարել էր, որ ի սկզբանե իրենց համար ակնհայտ էր, որ երկխոսությունը իրենց ուզած արդյունքը չի տալու: «Ազատություն» ռադիոկայանի հարցը հետեւյալն էր. ո՞րն է այդ դեպքում երկխությունը վերսկսելու իրենց նպատակը:

«Երկխոսություն սկսելու նպատակը ի սկզբանե պարզ էր. մե'նք էլ, իշխանությո'ւնն էլ գիտենք, որ այս երկրում կան լրջագույն խնդիրներ, մենք առաջարկեցինք փորձել դրանք լուծել երկխոսության միջոցով, բանակցությունների միջոցով, փոխզիջումների միջոցով, որպեսզի խուսափենք արաբական երկրների իրադարձություններից: Սա է եղել նպատակը: Երկրորդը, ի սկզբանե մենք համոզված ենք եղել, որ անգամ բնականոն ընթացքի դեպքում երկխոսությունը այն արդյունքը չէր տալու, որը մենք բաղձում էին: Եվ ամեն ինչ կախված էր լինելու ժողովրդի ճնշումից: Իհարկե այդպես է: Ի սկզբանե դա գիտեինք… Եթե մենք ուժ չլինեինք, եթե մենք քաղաքական գործոն չլինենք, ոչ միայն այս երկխոսությունը` ցանկացած բանակցության ժամանակ ոչ ոք քեզ հետ հաշվի չի նստի…Եթե մեր թիկունքում մարդ չկա, ժողովուրդ չկա, ժողովրդի ճնշումը չկա, ոչ միայն Սերժ Սարգսյանը, որեւէ մեկը մեզ հետ հաշվի չի նստի: Մենք ուժ ենք ներկայացնում, քաղաքական գործոն ենք ներկայացնում միայն ձեզնով, առանց ձեզ մենք ոչինչ ենք»:

Հարցերից մեկը վերաբերում էր նրան, որ հաճախ զուգահեռներ են տարվում 2008 թվականի մարտի 1-ի եւ 1996 թվականի սեպտեմբերի 26-ի միջեւ, երբ, հիշեցնենք, նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող ցուցարարները շրջափակել էին Ազգային ժողովի շենքը:

Տեր-Պետրոսյանը ասաց, թե այդ համեմատությունը տեղին է միայն մեկ պարագայում. երկու դեպքում էլ իրադարձությունների կապված էին ընտրությունների արդյունքների հետ: Իսկ այն, ինչ տեղի է ունեցել մարտի 1-ին, «աննախադեպ» էր, քանի որ այդպիսի բռնություն, այդքան զոհեր չեն եղել անցած 20 տարիների ընթացքում:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ Վազգեն Մանուկյանը հանրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում, ապա այն տեղափոխեց Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ հայտարարեց, որ մտնում է Ազգային ժողով ու հավելեց. - «Եթե 20 րոպե հետո դուրս չգամ, եկեք իմ հետեւից»: Եվ 20 րոպե հետո 5 հազար մարդ սկսեցին բարձրանալ խորհրդարանի շենքը շրջապատող ճաղերի վրա:

Տեր-Պետրոսյանի խոսքով, այդ օրվա անվտանգության ապահովումը դրված էր այն ժամանակ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի վրա, ում ենթարկվում էին ե'ւ Վանո Սիրադեղյանը, ե'ւ Վազգեն Սարգսյանը: Եվ այն պահին, երբ ժողովուրդը բարձրանում էր ճաղերի վրա, Սերժ Սարգսյանը մոտեցել է իրեն ու ասել. - «Շեֆ, պետք է կրակել»: Ինչին ինքը պատասխանել է. - «Ոչ մի դեպքում: Սպասենք»: Բայց երբ հայտնի դարձավ, որ ցուցարարներն արդեն ներխուժել են ներս եւ առեւանգել են Ազգային ժողովի նախագահին եւ փոխնախագահին, Սերժ Սարգսյանը նորից պնդել է, որ պետք է կրակել: Ինչին Տեր-Պետրոսյանն արձագանքել է, որ պետք է օդ կրակել: Այդպես էլ արել են, ինչից հետո ցուցարարները ցրվել են:

1996-ի սեպտեմբերի 26-ին, այդպիսով, չի եղել ոչ մի վիրավոր, իսկ 2008-ի մարտի 1-ին 10 մարդ է սպանվել, 100-ից ավելին` վիրավորվել: Ուստի, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, «այդ համեմատողները մարդասպանների փաստաբաններն են»:

Պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանի ներքաղաքական գործընթացները ինչպիսի ազդեցություն կունենան Հայաստանի վրա, մասնավորապես Վլադիմիր Պուտինի օրինակով Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքականություն հնարավոր վերադարձի առումով, Լեւոն Տեր -Պետրոսյանն ասաց. - «Մենք էլ Մոսկվայում ունենք հարաբերութուններ, կապեր: Մենք շատ լավ գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանի այդ մոսկովյան հենարանները փուչ են, փուչ: Այդ մարդը 3 տարի շարունակ չափչփում է Մոսկվայի պետական գերատեսչությունների երրորդական կարգի պաշտոնյաների դռները` ինչ-որ իր մասին բարենպաստ կարծիք ձեւավորելու համար: Նա երբեք չի հասնում ավելի բարձր մարդկանց, բարձր պաշտոնյաների, կամ քաղաքականության մեջ որոշումներ կայացնող անձանց նա երբեք չի հասնում: Մոռացեք, դա այն փուչ առասպելն է, որ գալիս է Երեւան, հավաքում միամիտ օլիգարխներին եւ բացատրում, թե` գիտեք, Մոսկվայում բոլոր հարցերը լուծված են, հեսա Պուտինն էլ եկավ, մեր գործերը հաջող են»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու հրապարակում չեն վճռական գործողությունների կոչ անողները` Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Խաչատուր Քոքոբելյանը` Կոնգրեսի առաջնորդը ասաց. - «Մի քիչ անհարմար է, որ ես խոսեմ իմ ընկերների մասին: Դա իրենց ընտրության հարցն է, եւ այդ հարցը իրենց պետք է ուղղեք: Միայն մի բան ասեմ` ինչ-ինչ պատճառներով նրանք խռովել են կա'մ ինձնից, կա'մ Կոնգրեսից: Նորմալ է, քաղաքական երկարատեւ պայքար է, ծանր աշխատանք: Մի մասը չի դիմանում, մի մասը անկեղծորեն համաձայն չէ Կոնգրեսի ղեկավարության գծին: Ինձնից էլ կարելի է խռովել, նեղանալ, բայց ես չեմ հասկանում, հիմա այստեղ հավաքված է ժողովուրդը: Նշանակում է` այդ մարդիկ ժողովրդից են խռովել... Ինչքան ուզում եք Կոնգրեսից խռովեք, ինձնից խռովեք: Ոչ ոք իրավունք չունի խռովելու ժողովրդից»:

please wait

No media source currently available

0:00 0:08:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG