Մատչելիության հղումներ

Wikileaks. «2008-ին Տեր-Պետրոսյանը ոչ թե 21, այլ 30-35 տոկոս քվե էր ստացել»


Ազատության հրապարակում ընդդիմության հետընտրական հանրահավաքներից մեկը, Երեւան, 21-ը փետրվար, 2008թ.
Ազատության հրապարակում ընդդիմության հետընտրական հանրահավաքներից մեկը, Երեւան, 21-ը փետրվար, 2008թ.
«Հարկավոր է ճնշում գործադրել [Հայաստանի] իշխանությունների նկատմամբ, որպեսզի ընտրությունների երկրորդ փուլ հայտարարվի: Դա միակ ճանապարհն է, որ թույլ կտա մարդկանց գործողությունները պահել Սահմանադրության շրջանակներում»: Wikileaks-ի կողմից հրապարակված փաստաթղթերի համաձայն, նման ուղերձով է 2008-ի նախագահական ընտրություններից երկու օր անց` փետրվարի 21-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր օգնական Լեւոն Զուրաբյանի միջոցով դիմել Երեւանում ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչներին:

«Նրանք [Հայաստանի իշխանությունները] չեն կարող անտեսել ձեր ճնշումը», - նշել է Տեր-Պետրոսյանը:

Ի դեպ, նախագահական ընտրություններից մոտ երեք շաբաթ անց` արդեն մարտի 10-ին, Երեւանում ԱՄՆ-ի գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը փաստորեն չի հերքել երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտությունը:

«Կասկած չկա, որ Տեր-Պետրոսյանի` փետրվարի 19-ին ստացած քվեների քանակը անհամեմատ ավելի բարձր է պաշտոնական 21.5 տոկոսից կամ 350 հազար քվեից: Մեր կանխատեսումների համաձայն` Տեր-Պետրոսյանի ցուցանիշն իրականում տատանվում է 30-35 տոկոսի միջակայքում, ինչը մոտավորապես 490-ից մինչեւ 570 հազար ձայն է կազմում», - նշել է Փենինգթոնը` հավելելով. - «Վերջին երկու շաբաթում Տեր-Պետրոսյանի հանրային աջացության մակարդակը միայն աճել է: Հայաստանցիներից շատերն այժմ նշում են, որ խնդիրը ոչ թե Տեր-Պետրոսյանի անձն է, այլ կառավարության պահվածքը»:

Փենինգթոնի խոսքով` «խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառումը, լրատվամիջոցների լռեցումն ու այլ տիպի ճնշումները է'լ ավելի են սաստկացրել մարդկանց դժգոհությունը»: «Այս ամենի հետեւանքով Տեր-Պետրոսյանին սկսել են աջակցել նաեւ մարդիկ, ովքեր նախկինում նրան առանձնապես չէին սիրում», - ասված է հաղորդագրության մեջ:

Wikileaks կայքում տեղադրված հաղորդագրությունների մի մասն էլ վերաբերում է մարտի 1-ին նախորդած իրադաձություններին, մասնավորաբար` ամերիկացի դիվանագետների եւ հայաստանյան իշխանության ներկայացուցիչների միջեւ այդ օրերին տեղի ունեցող ակտիվ շփումներին: 2008-ի փետրվարի 28-ին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ջոզեֆ Փենինգթոնի զրույցի հաշվետվությունը դեսպանության աշխատակիցները վերնագրել էին հետեւյալ կերպ. - «Քոչարյանի աշխարհը, որտեղ կառավարությունն անսխալական է»:

«Փետրվարի 28-ի երեկոյան տեղի ունեցած հանդիպման ընթացքում Քոչարյանն ինչպես միշտ թուլացած էր, բարեհամբույր, երբեմն կատակում էր: Նա ի սկզբանե իր ձեռքը վերցրեց ողջ զրույցի ընթացքը, թեեւ իրականում հենց ինքն էր նախաձեռնել այս հանդիպումը` մեր տեսակետը լսելու նպատակով», - նշել է Փենինգթոնը:

ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարի փոխանցմամբ, զրույցի ընթացքում Քոչարյանը պնդել է, որ դրանից մի քանի օր առաջ` փետրվարի 22-ին, իրենց հաջողվել է կանխել ռազմական հեղաշրջումը երկրում:

«Վտանգավոր մի պահ կար` կապված «Երկրապահ»-ի հետ, սակայն ես այդ հարցը կարողացա լուծել մեկ օրում», - նշել է Քոչարյանը` ասելով նաեւ. - «Երկրապահ»-ի ղեկավարներն այժմ հասկանում են, որ եթե ուժ կիրառեն ի պաշտպանություն Տեր-Պետրոսյանի, ապա ստիպված կլինեն գործ ունենալ ոչ միայն ոստիկանության, այլեւ հայկական բանակի ողջ կարողությունների հետ»:

Քոչարյանի խոսքը մեջբերելուց հետո Փենինգթոնը մանրամասնել է. - «Տեր-Պետրոսյանի խորհրդական Լեւոն Զուրաբյանը դեսպանության քաղաքական բաժնի ղեկավարին ասել է, որ Քոչարյանը ամսի 22-ին Մոսկվայից վերադառնալուն պես շատ կոշտ խոսակցություն է ունեցել պաշտպանության փոխնախարար եւ «Երկրապահ»-ի ղեկավար Մանվել Գրիգորյանի հետ, որից հետո վերջինը լրջորեն ահաբեկվել է, հայտնվել է ինքնամեկուսացման մեջ եւ անհասանելի է Տեր-Պետրոսյանի ճամբարի համար»:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Ազատության հրապարակում հնարավոր ոստիկանական գործողություններին:

«Այս առումով Քոչարյանի` մեզ ուղղված ազդակները փոքր-ինչ հակասական էին: Մի կողմից նա նշում էր, թե ժամանակը աշխատում է իշխանությունների օգտին: Հաջորդ նախադասության մեջ, սակայն, Քոչարյանը խոսում էր այն մասին, որ կառավարությունը չպետք է իր թուլությունը ցուցադրի», - նշում է ամերիկացի դիվանագետը` մեջբերելով նախկին նախագահի հետեւյալ խոսքերը. - «Եթե ես որոշեմ մաքրել հրապարակը, ապա դրա համար ընդամենը 40 րոպե կպահանջվի»: Փենինգթոնի խոսքով, Քոչարյանը նշել է, թե ինքը հասկանում է, որ ուժային գործողության դեպքում տուժածներ կլինեն, եւ ինքը չի ցանկանում, որ նման բան լինի:

«Մյուս կողմից, սակայն` եթե Տեր-Պետրոսյանի գործողությունները շարունակվեն, ապա հանրության մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ իրավապահներն ի վիճակի չեն վերականգնել կարգուկանոնը», - ասել է Քոչարյանը:

Խոսելով ձերբակալված ընդդիմադիրների մասին` Քոչարյանը նշել է, որ նրանց մեծ մասը ճաղերի ետեւում է հայտնվել քվեարկության օրը ընտրատեղամասերում թույլ տված իրավախախտումների համար:

Ամերիկացի դիվանագետը փոխանցում է. - «Նա հիշատակեց ձերբակալված ընդդիմադիրներից միայն մեկին` Պետրոս Մակեյանին, հավելելով. - «Եթե դուք եւ ԵԱՀԿ-ն համաձայնեք մեզ չքննադատել ընտրությունների հետ կապված խախտումները չհետաքննելու համար, ապա մենք պատրաստ կլինենք հենց հիմա ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին»:

Ամերիկացի դիվանագետները տեղեկացնում են նաեւ, որ հանդիպմանը ներկա հայաստանցի պաշտոնյաների թվում էր նաեւ այն ժամանակ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Վարդան Օսկանյանը:

«Նրա պահվածքն ինքնին շատ խոսուն էր: Ողջ զրույցի ընթացքում Օսկանյանը մեկ հայացքը հառում էր առաստաղին, մեկ առաջ էր գալիս ու սկսում ուսումնասիրել իր կոշկները», - նկարագրում է Փենինգթոնը:

Ամփոփելով հանդիպումից ստացած տպավորությունները` ամերիկացի դիվանագետը նշում է. - «Քոչարյանը վերահսկում էր զրույցի ողջ ընթացքը եւ գործերի հավատարմատարը գրեթե ի վիճակի չէր սեփական մեկնաբանություններով հանդես գալ: Մեզ համար հստակ չէ` արդյո՞ք Քոչարյանն իրոք հավատացած է, որ սա զրույցը վարելու ամենաարդյունավետ ձեւն է, թե՞ նա այդպիսով փորձում է հավատացնել մեզ, որ մենք սխալ ենք, եւ որ բոլոր առկա փաստերը իր օգտին են խոսում: Ակնհայտ է, որ Քոչարյանն օժտված է բացասական խարիզմայով եւ փայլուն մի կարողություն ունի` փաստարկներն ու պնդումներն այնպես ներկայացնել, որ դժվար լինի դրանց հակադարձել առանց իր եւ կառավարության ազնվությունը հարցականի տակ դնելու»:

Քոչարյանը «կանխորոշել էր, թե ինչ վճիռ է կայացնելու Սահմանադրական դատարանը»

WIkileaks-ում տեղադրված մեկ այլ դիվանագիտական հաղորդագրություն բացահայտում է այն մեխանիզմը, որով կայացվել է Սահմանադրական դատարանի վճիռը 2008-ի մարտի 8-ին` նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման հետ կապված:

«Մարտի 6-ի երեկոյան մեզ հետ կապ հաստատեց Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանը` գաղտնի հանդիպում խնդրելով», - գրել են ամերիկացի դիվանագետները: Նույն օրը կայացած հանդիպման ընթացքում Պողոսյանը պնդել է, որ նախագահ Քոչարյանը արդեն իսկ կանխորոշել է, թե ինչ վճիռ է կայացնելու մարտի 8-ին Սահմանադրական դատարանը: Պողոսյանը նշել է, որ մարտի 4-ին իրեն զանգահարել են նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից եւ հրավիրել նախագահի նստավայր: Պողոսյանը, սակայն, մերժել է այդ հրավերը:

«Դատավորը նաեւ պնդում է, որ նախագահի աշխատակազմում աշխատող իր եղբորը սպառնացել են պաշտոնանակ անել, եթե նա չհամոզի Պողոսյանին ներկայանալ Նախագահական: Բացի այդ, Պողոսյանը խոսել է մարտիմեկյան իրադարձությունների մասին»:

Ըստ դեսպանատան աշխատակիցների, նա, մասնավորապես, նշել է. - «Տեղեկություններ կան, որ իշխանությունները նվազեցրել են զոհերի իրական թիվը: Տեղեկություններ կան նաեւ, որ զոհերի ընտանիքներից մի քանիսը ստիպված են եղել կեղծված մահվան վկայականների տակ տորագրել` միայն դրանից հետո ստանալով իրենց հարազատների մարմինները»:

Ամերիկացի դիվանագետների հարցին էլ, թե որքանով են հիմնավոր շրջանառվող լուրերը, որ մարտիմեկյան իրադարձություններին մասնակցել են նաեւ Լեռնային Ղարաբաղից բերված զորամասեր, Պողոսյանը արձագանքել է. է. - «Այդ հաղորդագրությունները լիովին հիմնազուրկ չեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG