Մատչելիության հղումներ

Շփման գծում մեկ հայ զինվոր սպանվել է, երկուսը` վիրավորվել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը հաղորդում է, որ հոկտեմբերի 5-ին ժամը 17:00-ի սահմաններում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ զինծառայող, 1987 թվականին ծնված Յուրի Արամի Սարգսյանը:

Միեւնույն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ հոկտեմբերի 5-ին, ժամը 12:50-ի սահմաններում Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի դիպուկահար կրակից տարբեր աստիճանի հրազենային վիրավորում են ստացել ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Խաչատրյանը (ծնված 1992թ., Ախուրյանի զինկոմիսարիատ) եւ Խաչատուր Հրանտի Սուքիասյանը (ծնված 1992թ., Մարտունու զինկոմիսարիատ):

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` մեկնաբանելով միջադեպը, ասել է. - «Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահար գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն արհամարհում է հրադադարի ռեժիմը պահպանելու միջազգային հանրության կոչերը, այլեւ վտանգում է տարածաշրջանի փխրուն կայունությունը` ինքնաբերաբար պատասխանատվություն կրելով բոլոր անցանկալի հետեւանքների համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG