Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպել է ֆրանսիացի պատգամավորների հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո այցի առաջին օրը նա ընթրիք է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` խորհրդարանականներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում, եւ փաստել է, որ հայ - ֆրանսիական համագործակցությունը բոլոր ոլորտներում ամրապնդվում եւ խորանում է:

Նա վստահություն է հայտնել, որ Ֆրանսիա իր պաշտոնական այցի շրջանակներում, այնուհետ՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան կատարելիք առաջիկա պետական այցի ընթացքում նախատեսված հանդիպումներն ու բանակցությունները նոր հանգրվանային կետ կդառնան երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ճանապարհին:

Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի խորհրդարանականներին՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած մեծ ներդրման համար:

Հայաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին՝ հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերած եւ մինչ այժմ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի, ցեղասպանությունից փրկված հայերին ձեռք մեկնելու եւ իրենց երկրում ապրելու, արարելու հնարավորություն ստեղծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG