Մատչելիության հղումներ

Հայաստանի անկախության 20-ամյակը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահը


Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սարկոզիի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առիթով ցանկանում եմ անձամբ իմ եւ Ֆրանսիայի անունից լավագույն շնորհավորանքներս հղել Ձեզ եւ բոլոր հայերին:

1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը վերահաստատեց կապը պատմության հետ եւ վերստին ստանձնեց իր ճակատագիրը տնօրինումը: Հայաստանը կարող է հպարտ լինել այն ամենով, ինչ իրականացրել է վերջին քսան տարիների ընթացքում՝ շատ հաճախ դժվար պայմաններում:

Հայաստանը ժողովրդավարություն է կերտել, անցել շուկայական տնտեսության եւ իր տեղը գտել միջազգային թատերաբեմում: Նա դա իրագործել է նաեւ շնորհիվ իր ժողովրդի խիզախության եւ աշխատասիրության, որին արժանին եմ մատուցում:

Այս տարիների ընթացքում, պատմական հինավուրց եւ ամուր կապերով միավորված Ֆրանսիան եւ Հայաստանը զարգացրել եւ անընդմեջ խորացրել են բեղմնավոր համագործակցություն բոլոր ասպարեզներում:

Վստահ եղեք, որ Ֆրանսիան Հայաստանի, իր բարեկամի կողքին է՝ օգնելու նրան դիմակայելու մարտահրավերներին: Ես առիթ կունենամ Ձեզ նորից շնորհավորելու եւ բարձրաձայն արտահայտելու Ֆրանսիայի բարեկամությունը Փարիզ կատարելիք Ձեր պաշտոնական մոտակա այցի, այնուհետեւ Հայաստան իմ պետական այցի ժամանակ, որի պատիվը եւ հաճույքը կունենամ առաջիկայում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG