Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի երկրները մոտ ապագայում կավարտեն համատեղ ուժերի համալրումը եւ սպառազինումը


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները մտադիր են մոտ ապագայում ավարտել իրենց հավաքական ուժերի համալրումը եւ սպառազինումը:

«Մենք լի ենք վճռականությամբ` ավարտելու Արագ արձագանքման հավաքական ուժերի համալրման եւ սպառազինման գործընթացը», - հայտարարել է ՀԱՊԿ-ում ներկայումս նախագահող երկրի` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ Աստանայում կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի առաջին նիստից հետո:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` Լուկաշենկոն ասել է, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների համար «գործունեության շատ ուղղություններ են ի հայտ եկել աշխարհում, այդ թվում` արաբական աղեղի պարագծով, Աֆրիկայի հյուսիսում, տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված»:

«Մենք այդ ամենը տեսնում ենք եւ պայմանավորվեցինք, որ ՀԱՊԿ-ի երկրները հնարավոր սպառնալիքներին հակազդեցության միջոցներ կմշակեն, առաջին հերթին` տեղեկատվական հիպերտարածքում», - հայտարարել է Բելառուսի նախագահը:

Աստանայի ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցել են ՀԱՊԿ-ի անդամ 7 պետություններից 6-ի` Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի եւ Ղրղըզստանի ղեկավարները: Հանդիպմանը չի մասնակցել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG