Մատչելիության հղումներ

Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա հղեց Թեհրանին


Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Թեհրանին` Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադիի օրերս արած հայտարարությունների համար:

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվական գործակալությունները` վկայակոչելով երկրի արտգործնախարարության մամուլի ծառայությանը, նոտան այսօր փոխանցվել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչություն հրավիրված Իրանի դեսպան Մահոմեդբաղիր Բահրամիին:

Ադրբեջանը Իրանից պահանջում է ամենակարճ ժամկետներում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապագայում նման հայտարարությունները կանխելու եւ թույլ չտալու նպատակով, ինչպես նաեւ պարզաբանել տեղի ունեցածը:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը երեքշաբթի օրը խստորեն քննադատել էր Ադրբեջանի կառավարությանը` «իսլամական սկզբունքներին դեմ գնացող միջոցներ ձեռնարկելու համար»: Նա հայտարարել էր, թե Ադրբեջանի նախագահը պետք է իմանա, որ ժողովրդի զարթոնքը չի կարելի ճնշել, եւ հավելել, որ Իլհամ Ալիեւին մռայլ ճակատագիր է սպասում, եթե նա չանսա իր նախազգուշացմանը:

Ֆիրուզաբադիի հայտարարությունները այսօր ավելի վաղ քննադատել էր Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG