Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հակադարձում է Իրանի զինված ուժերի շտաբի պետի սպառնալիքներին


«Ադրբեջանական պետության քաղաքականությունը հիմնված է այլ ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա, դրան զուգահեռ` մենք թույլ չենք տա որեւէ միջամտություն Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը` մեկնաբանելով Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադիի հայտարարարությունը:

Ֆիրուզաբադին օրերս խստորեն քննադատել էր Ադրբեջանի կառավարությանը` «իսլամական սկզբունքներին դեմ գնացող միջոցներ ձեռնարկելու համար»: Նա հայտարարել էր, թե Ադրբեջանի նախագահը պետք է իմանա, որ ժողովրդի զարթոնքը չի կարելի ճնշել, եւ հավելել, որ Իլհամ Ալիեւին մռայլ ճակատագիր է սպասում, եթե նա չանսա իր նախազգուշացմանը:

«Իրանի ռազմական ղեկավարության կողմից նման բնույթի քաղաքական հայտարարությունները առնվազն տարակուսանք են հարուցում: Ավելի լավ կլիներ, եթե զինվորականները զբաղվեին իրենց հարցերով, իսկ քաղաքական գործիչները` իրենց», - ասել է Պոլուխովը:

2010 թվականի նոյեմբերին Ադրբեջանում արգելվել է կրթօջախներում մահմեդական գլխաշոր` հիջաբ կրելը: Այս տարվա սկզբին ձերբակալվել են Ադրբեջանի իսլամական կուսակցության առաջնորդն ու մի խումբ ակտիվիստներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG