Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում լսվել է Սիրիայի իրավիճակին նվիրված զեկույցը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դռնփակ նիստում երեկ լսվել է Սիրիայում տիրող իրավիճակին նվիրված զեկույցը:

Փաստաթղթի համաձայն` մարտին երկրում սկիզբ առած հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող բռնությունների հետեւանքով շուրջ 2 հազար մարդ է սպանվել, 13 հազարը ձերբակալվել է, տասնյակ հազարավոր սիրիացիներ անցել են Թուրքիայի տարածք:

ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության ներկայացուցչի խոսքերով` եթե Սիրիայի իշխանությունները չդադարեցնեն ընդդիմության վրա ուժային ճնշումները, Անվտանգության խորհուրդը հավելյալ միջոցներ կձեռնարկի:

ՄԱԿ-ում Սիրիայի դեսպանը նշված թվերը սխալ տեղեկատվություն է որակել եւ սիրիական քաղաքներում անցկացվող բողոքի ցույցերը համեմատել այս օրերին Մեծ Բրիտանիայում ծայր առած անկարգությունների հետ:

Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգները Սիրիայի նախագահին կոչ է արել հրաժարական տալ:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Սիրիայի իշխանություններին աջակցող ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման մասին:

Մինչդեռ, սիրիացի իրավապաշտպանների փոխանցմամբ, Սիրիայի բանակի ստորաբաժանումները եւ հրասայլերն այսօր առավոտյան ներխուժել են Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Սարաքեբ ավան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG