Մատչելիության հղումներ

Ալիեւի վարչակազմ. «Անհրաժեշտ է շարունակել բանակցությունները»


Երեկ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ, այնուհետեւ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եւ այդ ուղղությամբ անցկացվող բանակցային գործընթացը: Այդ մասին «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:

«Նախագահների դիրքորոշումը կարելի է արտահայտել հետեւյալ կերպ. նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ վերջերս անցկացված հանդիպումներում եւ բանակցություններում հնարավոր է դարձել մոտեցնել կողմերի դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ` Մադրիդյան հիմնարար սկզբունքներին համապատասխան: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է հետայսու եւս շարունակել բանակցությունները», - ասել է Մամեդովը:

Միաժամանակ, ըստ նրա, Ալիեւը այս բանակցություններից հետո, ինչպես եւ կազանյան հանդիպումից հետո, հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությունը «քանիցս ցույց է տվել, որ շիտակ չէ` բանակցությունների անարդյունավետության համար պատասխանատվությունը բարդելով Ադրբեջանի վրա, օգտագործելով Հայաստանի ղեկավարությանը մոտ շրջանակների եւ սփյուռքի հնարավորությունները»:

Ըստ Մամեդովի` երեկ Ալիեւը հերթական անգամ Մեդվեդեւին է հասցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ Ադրբեջանի դիրքորոշումը: Հանդիպման ավարտին Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի գործընկերոջը «շատ օգտակար» քննարկումների համար, փոխանցել է Ալիեւի աշխատակազմի պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG