Մատչելիության հղումներ

Սոչիում կայացավ Մեդվեդեւ – Ալիեւ հանդիպումը


Այսօր Սոչիում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ հանդիպման առանցքում եղել է ղարաբաղյան հիմնահարցն ու կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի բուն հանդիպման մանրամասները առայժմ չեն հրապարակվում: Հանդիպման մեկնարկին, որին ներկա են եղել նաեւ լրատվամիջոցները, Ռուսաստանի նախագահը ադրբեջանցի իր գործընկերոջ հետ Ղարաբաղի խնդրի շուրջ անկեղծ զրուցելու ցանկություն է հայտնել:

«Իհարկե, կան հարցեր, որոնց շուրջ անհրաժեշտ է խորհրդակցել կամ հստակեցնել գործընկերոջ դիրքորոշումը, եւ իհարկե այդ կարեւորագույն հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Ես կցանկանայի ձեզ հետ անցկացնել անկեղծ զրույց այն մասին, թե ինչ անել առաջիկայում, ինչպես կարող են իրադարձությունները զարգանալ՝ հաշվի առնելով Կազանում մեր վերջին եռակողմ հանդիպումը եւ նույն ձեւաչափով նախորդած հանդիպումները», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը` հավելելով, որ տարածաշրջանային խնդիրների լուծումը իրենց համար շատ կարեւոր է, որովհետեւ տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների բարեկեցությունը, ըստ էության, կախված է իրադարձությունների զարգացումից։

Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն շահագրգիռ է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ:

«Ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ձեր ցուցաբերած ջանքերի համար: Ադրբեջանը շատ բարձր է գնահատում գործընթացում ձեր անձնական ներգրավվածությունը», - նշել է Ալիեւը:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ անցկացված եռակողմ մի քանի բանակցությունները շատ մոտեցրել են կողմերի դիրքորոշումները:

«Ադրբեջանը գուցե բոլորից շատ է շահագրգռված այդ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, որպեսզի բոլոր տեղահանվածները վերադառնան մշտական բնակության վայրեր, որպեսզի իշխի խաղաղությունը եւ անդորրը», - հայտարարել է Ալիեւը եւ հավելել. - «Իհարկե, այն սկզբունքներում, որոնց հիման վրա նշմարվում է կարգավորումը, արտացոլված են միջազգային իրավական նորմերը։ Այդ պատճառով էլ հակամարտության հնարավորինս արագ կարգավորումը բխում է բոլոր կողմերի շահերից»:

Ինչ վերաբերում է այլ բնագավառներում երկու երկրների համագործակցությանը, ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Ռուսաստանի նախագահները ընդգծել են, որ տնտեսական, էներգետիկ ու հումանիտար բնագավառներում համագործակցությունը բավական լավ է ընթանում. արձանագրվել է երկկողմ ապրանքաշրջանառության աճ եւ կան աճի տեմպերը արագացնելու հեռանկարներ:

Իլհամ Ալիեւը Սոչի է մեկնել Դմիտրի Մեդվեդեւի հրավերով: Հունիսի 24-ին կազանյան եռակողմ բանակցություններից հետո սա Ալիեւ- Մեդվեդեւ առաջին հանդիպումն էր: Հանդիպման նախաշեմին` անցած շաբաթավերջին, 3 լրատվամիջոցների տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ 2008-ի ռուս վրացական հնգօրյա պատերազմը «լուրջ դաս էր Հայաստանի եւ Ադրբեջանի համար» եւ հավելել, որ ավելի լավ է Ղարաբաղի ճակատագրի հարցով անվերջ բանակցություններ վարել, քան անցկացնել այդ հինգ պատերազմական օրը: Մեդվեդեւի այս հայտարարությունը ադրբեջանական մի քանի թերթեր մեկնաբանում են որպես զգուշացում Ադրբեջանին, որը պարբերաբար հայտարարում է, որ հայերի կողմից «օկուպացված տարածքները ուժային ճանապարհով կազատագրի»։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 12-ին մեկնելու Աստանա՝ ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Գագաթնաժողովի շրջանակներում կանխատեսվում է Մեդվեդեւ - Սարգսյան հանդիպման հնարավորությունը, թեեւ այդ մասին պաշտոնական տեղեկություններ առայժմ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG