Մատչելիության հղումներ

Իսրայելի ԱԳ փոխնախարարը խոսում է «հայկական ողբերգության» մասին


Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը երեկ իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել հայաստանցի պաշտոնակից Արման Կիրակոսյանի հետ:

Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` Այալոնը «շնորհակալություն հայտնեց Կիրակոսյանին բարեկամական հարաբերությունների համար եւ խոսեց երկու պետությունների միջեւ պատմական կապերի ու մշակութային ընդհանրությունների մասին»:

«Փոխարտգործնախարար Այալոնը ընդգծեց այն կարեւորությունը, որ Իսրայելը տալիս է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների եւ գործնական համագործակցության շարունակական զարգացմանը: Այնուհետեւ նա հայտարարեց, որ հաճույքով կայցելի Երեւան, եւ փոխարտգործնախարար Կիրակոսյանին հրավիրեց այցելելու Իսրայել», - ասված է հաղորդագրությունում:

«Փոխարտգործնախարար Այալոնը վերահաստատեց հատուկ զգայունությունը, որ մենք` որպես հրեաներ, ունենք հայկական ողբերգության նկատմամբ», - ասված է Իսրայելի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Ըստ նույն աղբյուրի, Այալոնը նշել է նաեւ, որ Իսրայելը սատարում է բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը հասնելու` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG