Մատչելիության հղումներ

31-ամյա հայաստանցին ձերբակալվել է Ադրբեջանի օգտին լրտեսության կասկածանքով


Այսօր հայ - վրացական սահմանը «Բավրա» անցակետով հատելու փորձ կատարելիս Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցների կողմից ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, Երեւանի բնակիչ 31-ամյա Կարեն Մեհրաբյանը, ով կասկածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ կապի մեջ:

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն` Մեհրաբյանը ԱԱԾ-ի տեսադաշտում գտնվել է երկարատեւ ժամանակահատվածում, որի ընթացքում տարբեր, այդ թվում տեսաձայնագրման միջոցով փաստաթղթավորվել են Ադրբեջանի հատուկ ծառայություններին հետաքրքրող` Լեռնային Ղարաբաղի ռազմական պոտենցիալի վերաբերյալ նրա կողմից տեղեկատվության հավաքման, պահպանման եւ փոխանցման փաստերը: Ըստ ԱԱԾ-ի` Մեհրաբյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններին հետաքրքրող գաղտնի տեղեկատվության հավաքման գործընթացում փորձել է ներգրավել Ղարաբաղի բնակիչների եւ Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների:

«ԱԱԾ-ում առկա են Մեհրաբյանի հակաիրավական գործունեության` Թուրքիայի հանրապետության տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից նրան հավաքագրելու եւ հետագայում օգտագործելու փաստը ապացուցող անհերքելի փաստագրական նյութեր», - ասված է հաղորդագրությունում:

Հարուցվել է քրեական գործ Հայաստանի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` «պետական դավաճանություն», քննությունը վարում է ԱԱԾ-ի քննչական վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG