Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ն «հիմնազուրկ» է որակում ադրբեջանցի 13-ամյա աղջնակի մահվան առնչությամբ Հայաստանին ուղղված մեղադրանքները


Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, որ 13-ամյա մի աղջնակ Հայաստանին սահմանամերձ ադրբեջանական գյուղերից մեկի մոտով անցնող գետից փափուկ խաղալիք է գտել, որը տուն բերելուց հետո, պայթել եւ սպանել է նրան։ Դեպքի համար Բաքվի պաշտոնյաները մեղադրել էին Հայաստանին:

«Ակնհայտ է, որ նման սին մեղադրանքների եւ հերթական հիստերիայի գլխավոր նպատակն է էլ ավելի սրել Ադրբեջանում ամենաբարձր պետական մակարդակով իրականացվող հակահայկական եւ ռասիստական քարոզչությունն ու խորացնել կողմերի միջեւ անվստահության մթնոլորտը», - այս առնչությամբ NEWS.am կայքին հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` հավելելով, թե Հայաստանին ուղղված մեղադրանքն այնքան հիմնազուրկ է եւ անմիտ, որ նույնիսկ հերքման կարիք չի զգում:

Փոխարտգործնախարարը նաեւ հայտարարել է. - «Ադրբեջանի ղեկավարությունը, չցանկանալով խոստովանել, որ անիրականանալի է նրա բանակցային գործընթացում որդեգրած «կամ ամեն ինչ, կամ ոչինչ մոտեցումը», փորձում է հրեշավոր հնարքներով ու հարեւան ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելով խուսափել սեփական ժողովրդի առջեւ պատասխանատվությունից եւ տապալել բանակցային գործընթացը»:

Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ, այսօր միջադեպին անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:

«Ադրբեջանցի երեխայի սպանությունը հերթական անգամ ցույց տվեց, թե որքան օգտակար կարող է լինել միջադեպերի հետաքննման մեխանիզմի առկայությունը», - ասել է ֆրանսիացի համանախագահը:

Ֆասիեի խոսքով, համանախագահները նման մեխանիզմի իրագործման մի շարք տարբերակներ են առաջարկել եւ սպասում են կողմերի արձագանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG