Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը մեկնում է Դոնի Ռոստով


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր աշխատանքային այցով մեկնում է Դոնի Ռոստով, որտեղ վաղը կայանալու է տնտեսական համագործակցության հարցերով հայ - ռուսական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Տիգրան Սարգսյանը վաղը առանձնազրույց կունենա Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իգոր Լեւիտինի հետ, այնուհետեւ կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին: Հաջորդիվ նախատեսվում է Սարգսյանի եւ Լեւիտինի համատեղ մամուլի ասուլիսը:

Հայաստանի վարչապետը նաեւ կայցելի «Ռոստսելմաշ» կոմբայնների գործարան, կլինի լազերային եւ կոմբայնների հավաքման արտադրամասերում:

Շաբաթ օրը Տիգրան Սարգսյանը կայցելի Դոնի Ռոստովի հայկական «Սուրբ Հարություն» եկեղեցի, կլինի Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում եւ կհանդիպի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման, արտաքին գործերի, էներգետիկայի եւ բնական պաշարների, կրթության եւ գիտության, առողջապահության, մշակույթի, սփյուռքի, քաղաքաշինության փոխնախարարներ, Արարատի մարզպետը, այլ պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG