Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը կոչ է անում վերաբնակեցնել «Արցախի ազատագրված եւ վերամիավորված տարածքները»


«Ժառանգություն» կուսակցությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին կոչ է անում «անմիջապես եւ համագործակցաբար ձեռնամուխ լինել Արցախի Հանրապետության ազատագրված եւ նրան վերամիավորված տարածքների զանգվածային վերաբնակեցման գործընթացին»:

Հիշեցնելով աշխարհի ադրբեջանցիների երրորդ համագումարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած հայտարարությունները, մասնավորապես` թե «Ադրբեջանը ապահովելու է իր տարածքային ամբողջականությունը բոլոր միջոցներով, այդ թվում` բանակի գործոնի կիրառմամբ», «Ժառանգություն»-ը շարունակում է. - «Նման ռազմաշունչ եւ էքսպանսիոնիստական հայտարարությունները մի պետության ղեկավարի կողմից, ով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ բազմաթիվ փաստաթղթեր է ստորագրել` համաձայնելով արցախյան հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով եւ առանց ուժի ու դրա սպառնալիքի կիրառման, [...] հայկական կողմին ազատում են կաշկանդող որեւէ հանգամանքից` սկսելու համար ազատագրված տարածքների վերաբնակեցման գործընթացը»:

Վերաբնակիչների համար, ընդդիմադիր կուսակցության համոզմամբ, «պետք է ապահովել բարենպաստ պայմաններ ազատագրված տարածքներում», ընդ որում` «անհրաժեշտ է իրականացնել տարեկան առնվազն 10 հազար հոգու վերաբնակեցում»:

«Ժառանգություն»-ը նաեւ հորդորում է ադրբեջանական կողմից ստորագրված փաստաթղթերի որեւէ դրույթի հերթական խախտման դեպքում է'լ ավելի արագացնել վերաբնակեցման գործընթացը:

Նման գործողությունները կուսակցությունը համարում է լավագույն միջոցը պաշտոնական Բաքվի կողմից լարվածության սրմանը միտված քայլերը չեզոքացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG