Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը` կրկին ԱՄՆ-ի Կոնգրեսում


Ամերիկացի կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդը եւ Ադամ Շիֆը` Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Էդ Ռոյսի հետ միասին, երեկ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության փաստը եւ մարդկության դեմ այդ հանցագործությանը Ամերիկայի արձագանքը վերահաստատող օրինագիծ, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` նախագիծը նույնական է նախորդ գումարման Կոնգրեսում ներկայացված թիվ 252 բանաձեւի նախագծին, որը արժանացավ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանը, սակայն այդպես էլ քվեարկության չդրվեց Պալատի լիագումար նիստում:

Օրինագիծը, որին արդեն իրենց աջակցությունն են հայտնել 57 օրենսդիրներ, ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ամերիկյան կառավարությանը` կիրառել այդ ողբերգության դասերը մարդկության դեմ ապագա հանցագործությունները կանխելու համար:

Ամերիկայի հայկական երկու կազմակերպությունների փոխանցմամբ` Կոնգրեսում մեկ այլ օրինագիծ էլ ներկայացվել է Էդ Ռոյսի եւ Հովարդ Բերմանի գլխավորությամբ, որում Թուրքիայի կառավարությանը կոչ է արվում դադարեցնել ամեն տեսակի կրոնական հետապնդումները, պաշտպանել քրիստոնյաների իրավունքները եւ կրոնական ազատությունները եւ հատկապես` վերադարձնել քրիստոնյաների բռնագրավված ունեցվածքը, այդ թվում` հայերից, հույներից եւ քրիստոնյա այլ համայնքներից խլված եկեղեցիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG