Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Ադրբեջանը շահագրգռված է ուժեղ եւ անկախ Վրաստանով»


Ուժեղ, հաջողակ եւ անկախ Վրաստանը Ադրբեջանի ազգային անվտանգության բաղկացուցիչ մասն է կազմում, երեկ Թբիլիսիում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Հենց նման Վրաստանն է համապատասխանում մեր երկրի շահերին», - ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Մամեդյարովը Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ հանդիպումից հետո:

«Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները տարեցտարի ավելի ու ավելի են աշխուժանում: Մենք հաջողությամբ համագործակցում ենք էներգետիկ պաշարների ոլորտում, ինչպես նաեւ Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության գործում», - իր հերթին, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահը:

Վրացական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գրիգոլ Վաշաձեն էլ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ավարտին հայտարարել է, թե երկու երկրները ռազմավարական գործընկերներ են:

«Առանց այն էլ առաջանցիկ հարաբերությունները մենք տեղափոխում ենք նոր մակարդակ», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Վաշաձեն:

Ադրբեջանի արտգործնախարարը այցի շրջանակներում հանդիպելու է նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG