Մատչելիության հղումներ

Ղարաբաղի վարչապետը պարզաբանում է օդանավակայանի բացման ձգձգումը


Ստեփանակերտի օդանավակայանը
Ստեփանակերտի օդանավակայանը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուների հետ երեքշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը պարզաբանումներ տվեց Ստեփանակերտի օդանավակայանի բացման ձգձգման պատճառների վերաբերյալ:

«Մի քանի անգամ կարծես թե մեր կողմից հայտարարվել է ժամկետներ օդանավակայանի բացման, բայց այդ ժամկետներում չէինք տեղավորվում, որովհետեւ առաջին անգամ ենք օդանավակայան կառուցում: Սկզբնական փուլում մեզ մասնագետները ասել են, որ այդ վազքուղին, ասֆալտը կարծես թե համապատասխանում է, բայց հետո որ արդեն մասնագետները եկել են եւ ուսումնասիրել` պարզվել է, որ այդ վազքուղու լայնությունը չի բավարարում` պետք է լայնացնել», - ասաց Ղարաբաղի վարչապետը:

Հարությունյանը նույնպես խուսափեց օդանավակայանի բացման ժամկետների մասին խոսել, նշելով, որ բացի վազքուղու շինարարական աշխատանքներից` կան նաեւ այլ աշխատանքներ, որոնք եւս պետք է իրականացվեն:

«Երեւի մի երկու-երեք ամսվա մեջ կավարտվեն վազքուղու ամբողջ ասֆալտապատման աշխատանքները, եւ նման այլ աշխատանքներ կան իրականացնելու` անվտանգության ուղղությամբ, ամբողջ օդանավակայանի տարածքի, եւ այլն: Դրա համար չենք ուզում այսօր ժամկետ ասել, բայց ինչքան հնարավոր է արագ տեմպերով կատարվում են աշխատանքները», - ասաց նա` հավելելով. - «Հավանական է, որ, այո, սեպտեմբերին նաեւ վազքուղին պատրաստ կլինի, նաեւ մասնագետների ենք հրավիրել` ավելի արդեն բարձրակարգ, որոնք հուշում են մեզ բոլոր այն անելիքները, որը թույլ է տալու դա կատարել»:

Ստեփանակերտի օդանավակայանում վերջին անգամ քաղաքացիական թռիչք էր իրականացվել 1992 թվականի մայիսի 13-ին, եւ չնայած վերջերս էլի խոսք եղավ այն մասին, որ հնարավոր է` բացումը տեղի ունենա ամռանը, Արա Հարությունյանը, մեջբերելով Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խոսքերը, ասաց, որ օդանավակայանի շուտ բացումը ինքնանպատակ չպետք է լինի:

«Մեր նախագահի կողմից հստակ որոշում էր կայացվել, հանձնարարական էր տրվել, որ օդանավակայանը կաշխատի միայն այն դեպքում, երբ ապահովվի բոլոր անվտանգության պայմանները: Թող մի վեց ամիս էլ ուշանա, բայց բոլոր անվտանգության անհրաժեշտ պայմանները կատարվեն: Հույս ունենք, որ սեպտեմբերին երեւի ավարտման փուլում կլինի», - հայտարարեց Ղարաբաղի վարչապետը:

Առաջիկա օրերին Ստեփանակերտում օդանավակայանի բացման նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկում կկազմակերպվի, որի ընթացքում կխոսվի նաեւ տոմսերի գների, անվտանգության եւ այլ հարցերի մասին:

Ամիսներ առաջ հայտարարվել էր, որ Ստեփանակերտի օդանավակայանը բացվելու է այս տարվա մայիսի 9-ին:

Ստեփանակերտի օդանավակայանի բացման լուրը բուռն արձագանք էր գտել Ադրբեջանում: Ադրբեջանի քաղացիական ավիացիայի պետական վարչության ղեկավարը հայտարարել էր, թե պաշտոնական Բաքուն իրավասու է ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները: Դրան ի պատասխան` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե պատրաստ է լինել Երեւան - Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղեւորը:

Ապրիլի կեսերին հայտնի դարձավ, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը հետաձգվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG