Մատչելիության հղումներ

Ամերիկացի օրենսդիրները կոչ են անում ավելացնել Հայաստանին հատկացվելիք օգնությունը


Ամերիկացի մոտ երեք տասնյակ կոնգրեսականներ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի օտարերկրյա գործողությունների ենթահանձնաժողովին կոչ են արել ավելացնել 2012 ֆինանսական տարում Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնությունը եւ զարգացման օժանդակություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն` հիշյալ ենթահանձնաժողովի ղեկավարությանը մայիսի 20-ին հղած նամակում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին անդամակցող կոնգրեսականներից 28-ը` հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի գլխավորությամբ, հորդորում են Հայաստանի համար հաստատել առնվազն 60 միլիոն, Ղարաբաղի համար` 10 միլիոն դոլարի օգնություն:

Հայամետ օրենսդիրները իրենց նամակում կոչ են անում նաեւ ուժեղացնել Ազատության աջակցության ակտի թիվ 907 ուղղման գործողությունը եւ հավասարակշռել Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, վերացնել ԱՄՆ - Լեռնային Ղարաբաղ շփումներին եւ հաղորդակցությանը խոչընդոտող արգելքները, վերականգնել Ղարաբաղի մասնակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին, առնվազն 10 միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնել Հայաստանին:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի` փետրվարին ներկայացրած 2012-ի պետբյուջեի նախագծով առաջիկա ֆինանսական տարում նախատեսվում է Հայաստանին ուղղակի ֆինանսական օժանդակության շրջանակներում հատկացնել 40 միլիոն դոլար։ Բացի այդ, ԱՄՆ-ի վարչակազմը առաջարկում է Հայաստանին ռազմական օժանդակության եւ ուսուցման ծրագրի շրջանակներում հատկացնել 3 միլիոն 450 հազար դոլար, ինչը մոտ կես միլիոնով պակաս է Ադրբեջանին հատկացվելիք գումարից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG