Մատչելիության հղումներ

Հայաստանում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը


Հայաստանում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը, որին այսօր ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Գուտերեշին դոնոր կազմակերպությունների միջազգային համաժողովին մասնակցելու համար եւ նշել. - «Այս մեծ հավաքի կազմակերպումը պայմանավորված է այն հանգամանքով, որ փախստականների խնդիրը դեռեւս մեր օրակարգի ամենալուրջ հարցերից մեկն է, եւ նաեւ միջազգային համադրումները ցույց են տալիս, որ 1000 բնակչին ընկնող փախստականների քանակով Հայաստանն աշխարհում դեռեւս բավական բարձր տեղ է զբաղեցնում»:

Հանձնակատարը գոհունակություն է հայտնել Հայաստանի կառավարության հետ ծավալված համագործակցությունից: Տեղեկացնելով, որ անձամբ այցելել է փախստականների ընտանիքներ եւ ծանոթացել նրանց ծանր կենսապայմաններին, Գուտերեշը հույս է հայտնել, որ կառավարության հետ գործակցությունը կնպաստի ոլորտում առկա խնդիրների, մասնավորապես` փախստականների կարգավիճակին եւ ապաստանի տրամադրմանն առնչվող հարցերի լուծմանը:

Քննարկվել են փախստականների բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի համաֆինանսավորման եւ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները, անդրադարձ է եղել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից Լեռնային Ղարաբաղում փախստականներին օժանդակություն տրամադրելու խնդրին:

Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը Անտոնիո Գուտերեշի հետ մասնակցել է 1988-92 թվականների ընթացքում Ադրբեջանից բռնագաղթած եւ Հայաստանում բնակություն հաստատած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի համաֆինանսավորման եւ հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության թեմայով միջազգային համաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG