Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը հանդիպել է Էֆթիմիուի հետ


Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր հանդիպել է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուի հետ:

Հայ ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրության համաձայն` Տեր-Պետրոսյանը հանդիպման ժամանակ նշել է, որ թեեւ եվրոպական տարբեր կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի, այնուամենայնիվ այն այդքան էլ արդյունավետ չէ երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության առաջ մղման առումով: «Այս համատեքստում հիշատակվել է ԵԱՀԿ կառույցների իրարամերժ գնահատականները Հայաստանում կեղծված ընտրությունների վերաբերյալ, որոնց պաշտոնական արդյունքները չեն ընդունվել եւ ընդունվում ՀԱԿ-ի եւ հասարակության կողմից: Պրն Տեր-Պետրոսյանը հիշեցրել է վերջին տարիներին իրականացրած համատարած հետապնդումները` սպանությունները, ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչների ձերբակալությունները, հազարավոր մարդկանց ահաբեկումները, գործարարներից բիզնեսների վրա հարձակումներն ու հափշտակումները, որոնք համատարած բնույթ ստացան ընտրություններից անմիջապես հետո եւ, փաստորեն անտեսվեցին Եվրոպայի կողմից», - ասված է հաղորդագրությունում:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են «Հայաստանում ստեղծված քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման ճանապարհները, մասնավորապես` Հայ ազգային կոնգրեսի պահանջների կատարումից հետո իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը եւ երկրում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG