Մատչելիության հղումներ

Հայաստանում է Ճապոնիայի արտգործնախարարի առաջին տեղակալը


Երեւանում է Ճապոնիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Հիսասու Տոկունագան, որին այսօր ընդունել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ճապոնացի բարձրաստիճան դիվանագետի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ցավակցություն է հայտնել մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի եւ ավերածությունների պատճառ դարձավ` նշելով, որ 1988 թվականին հայ ժողովուրդը նույնպես բնության այդ աղետի սարսափելի հետեւանքներն իր վրա զգացել է: Նախագահի խոսքով, թերեւս, դա է պատճառը, որ հայ ժողովուրդն ավելի ծանր ընդունեց Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգությունը:

«Մենք հիացած ենք ձեր ժողովրդի արիությամբ եւ տոկունությամբ` ճակատագրի այդ ծանր հարվածը կրելիս: Ուշադրությամբ հետեւում ենք Ճապոնիայի կառավարության գործադրած ջանքերին՝ Ֆուկուսիմա-1 ատոմակայանի վթարի հետեւանքների վերացման ուղղությամբ, եւ լիահույս ենք, որ ձեզ կհաջողվի չեզոքացնել բոլոր հետեւանքները», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նա հույս է հայտնել, որ Ճապոնիայի համար այս ծանր ժամանակաշրջանը չի խանգարի երկկողմ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ աշխատանքը շարունակելուն, որի նպատակով դեռեւս անցյալ տարվա հունիսին Տոկիոյում բացվել է Հայաստանի դեսպանություն:

Ճապոնացի դիվանագետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին` ցավակցության եւ իր ժողովրդին ուղղված ջերմ խոսքերի համար, վստահեցնելով, որ չնայած բոլոր դժվարություններին` Ճապոնիան պատրաստակամ է Հայաստանում շարունակել իր աջակցության ծրագրերը:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Հիսասու Տոկունագան երախտագիտություն է հայտնել Հայաստանից ստացված ցավակցությունների եւ աղետի հետեւանքների վերացմանը ցուցաբերած օժանդակության համար:

Ապրիլի սկզբին Հայաստանի կառավարությունը որոշեց 500 հազար դոլարի մարդասիրական օգնություն ցուցաբերել մարտի 11-ի ավերիչ երկրաշարժից եւ ցունամիից տուժած Ճապոնիային:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Տոկունագան նաեւ նշել է, որ իր այցելությունը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ճապոնացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցելությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG