Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնում Շվեդիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար


«Որքան շուտ թուրքերը ճանաչեն իրենց անցյալը, այնքան լավ ե՛ւ իրենց, ե՛ւ մեզ համար», - հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Դիանա Յանսեի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

«Մենք, իրավամբ, անցյալով չենք ապրում, եւ դրա վառ ապացույցը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մեր նախաձեռնությունն էր, ինչը, սակայն, չի նշանակում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար երբեւէ կարող էր դառնալ երկրորդական», - ասել է Հայաստանի նախագահը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիային Հայոց ցեղասպանության ճանաչման համար` ընդգծելով, որ հայ ժողովուրդը երախտապարտ է այն բոլոր երկրներին ու ժողովուրդներին, ովքեր այդ ճանաչումով ոչ միայն հարգում են ցեղասպանության զոհերի հիշատակը, այլ այդ քայլով իրենց նպաստը բերում նաեւ հետագա ցեղասպանությունների կանխարգելմանը:

Շվեդիայի խորհրդարանը` Ռիկսդագը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունեց մեկ տարի առաջ: Երկրի կառավարությունը, սակայն, քննադատեց ընդունված բանաձեւը, իսկ վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը նույնիսկ ներողություն խնդրեց թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանից Ռիկսդագի որոշման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG