Մատչելիության հղումներ

Թուրքիան Ռուսաստանին խնդրելու է վերանայել իր առաջին ատոմակայանի անվտանգության չափանիշները


Ճապոնիայի աղետաբեր երկրաշարժը Թուրքիայում անհանգստություն է առաջացրել: Ռուսաստանի աջակցությամբ այդ երկրում կառուցվում է առաջին ատոմակայանը, եւ Անկարան պատրաստվում է դիմել Ռուսաստանին` խնդրելով վերանայել ատոմակայանի անվտանգության համակարգին ներկայացվող պահանջները:

«Կառուցվելիք ատոմակայանը պետք է նախագծվի մինչեւ 8 բալանոց երկրաշարժի դիմակայելու համար, սակայն անհրաժեշտության դեպքում այդ ցուցանիշը կարելի է բարձրացնել», - Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը:

«Մենք ռուսական կողմի հետ կքննարկենք անվտանգության չափանիշները բարձրացնելու հարցը: Մենք չենք կարող անտեսել այն, ինչ տեղի է ունենում ճապոնական ատոմակայանում»,- ընդգծել է Յիլդիզը` հավելելով, որ ատոմակայան կառուցելու մտքից իրենք չեն հրաժարվում:

Ակնկալվում է, որ այս հարցը կքննարկվի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում:

Թուրքական կառավարությունը ռուսական «Ռոսատոմ» եւ «Ատոմստրոյէքսպորտ» ընկերություններն է ընտրել իր երկրում առաջին ատոմակայանի կառուցման համար: Այն տեղակայված է լինելու Թուրքիայի հարավում:

Դեկտեմբերին Թուրքիան երկրորդ ատոմակայանը կառուցելու վերաբերյալ բանակցություններ է սկսել նաեւ Ճապոնիայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG