Մատչելիության հղումներ

Նոր պայթյուն ճապոնական ատոմակայանում, ռեակտորը չի վնասվել


Ճապոնիայում ուրբաթ օրը տեղի ունեցած աղետալի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով վնասված ատոմակայանում այսօր առավոտյան կրկին պայթյուն է տեղի ունեցել:

Իշխանությունները հավաստիացնում են, որ Ֆուկուշիմայի ատոմակայանի 3-րդ ռեակտորում տեղի ունեցած պայթյունից ռեակտորի միջուկը պաշտպանիչ պատը չի վնասվել, սական 6 մարդ վնասվածքներ են ստացել:

Շաբաթ օրը պայթյուն էր տեղի ունեցել նաեւ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից 240 կիլոմետր հյուսիս գտնվող Ֆուկուշիմայի ատոմակայանի 1-ին ռեակտորում, որի արդյունքում ռեակտորի տանիքը եւ արտաքին պատը քանդվել էին:

Իշխանությունները հայտարարում են, որ թեեւ ատոմակայանում ռադիացիոն ճառագայթման մակարդակը նորմայից բարձր է, մարդկանց առողջությանը «անմիջական վտանգ» չի սպառնում:

Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն ասել է, որ ատոմակայանում իրավիճակը մնում է իշխանությունների ուշադրության կենտրոնում եւ բոլոր քայլերը ձեռնարկվում են սպառնացող վնասը չեզոքացնելու համար:

Ընդհանուր առմամբ, երկրաշարժի եւ ցունամիի զոհերի թիվը, Կիոդո գործակալության փոխանցմամբ, անցնում է 2,000-ից: Աղետի զոհերի թիվը կարող է անցնել 10,000-ից:

Երկրաշարժն ու ցունամին տառացիորեն երկրի երեսից սրբել են ամբողջական գյուղեր ու քաղաքներ, 300,000 մարդ տարհանվել է:
Երկրի վարչապետի գնահատմամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր սա Ճապոնիային բաժին հասած ամենամեծ աղետն է:

Մինչդեռ, Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը չի բացառում, որ առաջիկա օրերին կարող է մինչեւ 7 մագնիտուդ հզորությամբ աֆտերշոկ տեղի ունենալ, մինչ ավելի թույլ աֆտերշոկեր տեղի են ունենում ամեն օր:

Աղետը մեծ հարված է հասցրել Ճապոնիայի տնտեսությանը, որն աշխարհում իր ծավալով 3-րդ խոշորագույնն է, արժեթղթերի շուկաներում կտրուկ անկում են ապրել Sony եւ Toyota Motor ընկերությունների բաժնետոմսերի գները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG