Մասիսի նախկին քաղաքապետի պաշտպանները շարունակում են պնդել՝ Դավիթ Համբարձումյանը ճաղերի հետևում է քաղաքական պատճառներով: Նրանք դատարանի որոշումը որակում են ապօրինի:
«Իրավաբանական արժեքով այս գործը զրո է, բնականաբար սա քաղաքական հետապնդում է, Նիկոլ Փաշինյանը սարսափում է նորմալ հայ տղամարդկանցից, դրա հերթական դրսևորումն է», - ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Դավիթ Համբարձումյանն ազատությունից զրկվել է 2018 թվականի իշխանափոխության դեպքերով: Յոթ տարի անց դատարանը նրան մեղավոր ճանաչեց 2018-ին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար: Նա դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման: Համբարձումյանի դեմ այս քրեական գործը հանգուցալուծվեց, երբ ՀՀԿ-ն վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց ու նրան առաջադրեց վարչապետի թեկնածու:
«Ամենասկզբից էլ, 18 թվականից էլ եղել է որպես ժողովրդի կողմից ընտրված ՀՀԿ-ի թեկնածու, հետո իր դաշինքով ընտրված, չմոռանանք, որ Դավիթ Համբարձումյանն առաջինն է, որ Նիկոլին ընտրություններով հաղթեց Հայաստանում, և իրեն չի ներվում, իհարկե», - նշեց փաստաբանը:
Համբարձումյանի փաստաբանները դատարանի որոշումը բողոքարկել են: Վերաքննիչ դատարանն այսօր պետք է քններ՝ արդյոք նա մեղավոր է, թե ոչ: Բայց նիստը հետաձգվեց: Դատախազը փոխվել էր, ու նորը գործի նյութերին ծանոթ չէր: Իսկ փաստաբաններն այսօր ուզում էին՝ դատարանն արտահերթ քններ նաև նրա կալանքը փոխելու միջնորդությունը:
Նախկին համայնքապետին աջակցելու նպատակով դատարանի մոտ էին նրա կողմնակիցները, հանրապետականները: ՀՀԿ-ական Համբարձումյանը յոթ տարվա վաղեմության գործով ազատությունից զրկվեց երեք ամիս առաջ: Կալանավայրում հայտնվելուց հետո էլ շարունակում է մնալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն:
ՀՀԿ-ում նախընտրական քննարկումներ չկան
ՀՀԿ-ականները իմփիչմենթի թեման չեն փակում, թեև այս հարցում հաջողություն չունեն: Պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ է խոստովանում. «Արդյունքներ շոշափելի այս պահին, այո, չկան, ես ցավում եմ դա ասում»:
Համապետական ընտրություններին վեց ամսից էլ քիչ ժամանակ է մնացել: Ի՞նչ են մտածում երրորդ նախագահի թիմում, կմասնակցե՞ն ընտրություններին, թե՞ իմփիչմենթի օրակարգով էլ կփակվի իրենց պայքարի էջը: Այստեղ նախընտրական քննարկումներ, ըստ Մամիջանյանի, չեն էլ սկսվել:
«Ես չեմ կարծում, որ մեր երկրում նախընտրական տրամաբանություն կամ տրամադրություն կարող է լինել, մեր երկրում կարող է լինել Հայաստանի ապագան կասկածի տակ դնողներին հեռացնելու, մեր երկիրը, պետականությունը և ազգային արժեքները դավաճանած մարդկանց հեռացնելու տրամադրություններ և տրամաբանություն, ցանկացած այլ գործընթաց ինձ համար անընկալելի է», - նշեց նա:
Մինչ ՀՀԿ-ում քննարկում են խորհրդարանով Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ճանապարհն ու սպասում հաջողությունների, մյուս քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրություններին, քննարկում մասնակցության ձևաչափը: Նախկին նախագահներից Ռոբերտ Քոչարյանն էլ է հայտարարել, որ հավանաբար կմասնակցի, վաղը նրա դաշնակից Հայ հեղափոխական դաշնակցությունը կհստակեցնի՝ ինչպես են մասնակցելու ու ում առաջնորդությամբ:
Առաջին նախագահի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն էլ է հայտարարել մասնակցելու մասին, վարչապետի թեկնածուն էլ Լևոն Զուրաբյանն է:
Ընդդիմադիր ճակատից թերեւս ամենակատիվը գործարար Սամվել Կարապետյանի թիմն է: Տարեվերջին են դեռ սկսել մարզային այցերը: Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էլ է մտադիր մասնակցել: Գործարար Գագիկ Ծառուկյանն էլ կմասնակցի ոչ թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությամբ, այլ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով: Քաղաքական ուժերը խոստացել են առաջիկա օրերին ընտրական ծրագրերից ավելի մանրամասն խոսել: