Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լայմ Ֆոքսը այսօր հաստատել է, որ լիբիական Բենգազի քաղաքում է գտնվում ոչ մեծ դիվանագիտական խումբ` Մուամար Քադաֆիի հակառակորդ ապստամբների հետ բանակցություններ վարելու համար: Այդ մասին հաղորդում է Sky News հեռուստաընկերությունը:
Միեւնույն ժամանակ, Բրիտանիայի պաշտպանության նախարարը չի մեկնաբանել լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկատվությունը, թե բրիտանական հատուկ ջոկատային 8 զինծառայող եւ մեկ դիվանագետ պատանդ են վերցվել լիբիացի ապստամբների կողմից:
Ավելի վաղ նույն աղբյուրը փոխանցել էր, որ բրիտանական ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` պատանդները ազատ կարձակվեն կիրակի կամ երկուշաբթի: